Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձեւացնում է, թե չի հասկանում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարեւորությունը: Այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Panorama.am» լրատվական կայքի հարցին։
Մեկնաբանելով բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը՝ նա շեշտել է. «Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպես եւ նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակա: Ակնհայտ է, որ կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար»: