ԵԱՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի: Կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի' ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցին:
«Ադրբեջանի' ԵԱՏՄ կազմում լինելը, ենթադրում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մերձենալ ԵԱՏՄ-ին, պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե այդ պետությունը պահպանի վերոնշյալ պայմանը:
«Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան' Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Այս պետության՝ ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ընդգծեց Քոչարյանը: