Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնաթողությունից հետո երկրին սպասվում են նաև տնտեսական ցնցումներ, գրում է Al-Monitor-ը:

 

 

«Թուրքիան վերափոխվում է զարգացման ասիական մոդելի, որի դեպքում որոշումներն ընդունում են նախագահը և չընտրված խորհրդականների խումբը: Թուլանում են զսպման ու հակակշիռների մեխանիզմները, վատթարանում է պետական կառավարման որակը», - կարծում է Ճապոնական Nomura ֆինանսական հոլդինգի տնտեսագետ Տիմոտի Էշը:

 

 

«Կառավարման 14 տարիներին Էրդողանը վարել է ներքին սպառման խթանման ու ենթակառուցվածքներում ներդրումներ անելու քաղաքականություն:

 

 

Հակառակ դրան՝ Դավութօղլուն կարծում էր, որ տնտեսական քաղաքականությունը պետք հենված լինի բյուջետային կարգապահության և կառուցվածքային բարեփոխումների վրա, որոնք ուղղված են արժեթղթերի շուկայում կայունությանը պաշտպանելուն»,- ասել է նա:

 

 

Էրդողանը սկսեց իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու գործընթաց և առաջին հերթին ազատվեց Դավութօղլուից: Նույն օրը Ստամբուլի ֆոնդային բորսայում բաժնետոմսերն անկում ապրեցին 8 տոկոսով: Թուրքիայում ներքաղաքական զարգացումներին նման բացասական արձագանք չէր եղել 2001 թվականից:

 

 

Վերջին տարիներին դանդաղել են Թուրքիայի տնտեսության աճի տեմպերը: Վերջին 50 տարում Թուրքիայի տնտեսությունը աճել է միջին հաշվով 4.5 տոկոսով, մինչդեռ վերջին 4 տարում այն կանգ է առել 3-տոկոսանոց նշաձողի վրա:

 

 

Տնտեսագետները զգուշացնում են, որ կառուցվածքային բարեփոխումների բացակայությունը, ինչպես նաև Էրդողանի տնտեսական հայացքները կարող են գործոններ դառնալ, որոնք երկրի տնտեսությունը էլ ավելի ներքև կիջեցնեն:

 

 

Ստամբուլյան Քոչ համալսարանի պրոֆեսոր Քամիլ Յըլմազը Թուրքիայի տնտեսության աճի դանդաղումը բացատրել է կառուցվածքային բարեփոխումների բացակայությամբ: Նա ընդգծել է, որ վերջին երեք տարվա քաղաքական դեպքերը հանգեցրել են ներդրումային ծրագրերի կրճատմանը: Յըլմազն ակնկալում է, որ Թուրքիայի տնտեսությանը սպասվում է «դանդաղ մահ»: