2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանը դրանք գրողի ծոցը կուղարկի եւ գարունն առանց արձանագրությունների կդիմավորի: Թեև այսօր գարնան առաջին օրն է, սակայն հայ-թուրքական արձանագրությունների ապագայի ճակատագիրը դեռ առկախված է:
 
Մյունխենում Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ Հայաստանը չի կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին, և եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, նոր միայն վավերացնել արձանագրությունները՝ չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Քիչ հավանական է, որ ապագայում տեսնենք հայ֊թուրքական նոր արձանագրություններ, սակայն Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակում հնարավոր է՝ ակտիվանա նաև հայ֊թուրքական արձանագրությունների գործոնը, և այստեղ Սերժ Սարգսյանը զգուշացնում է, որ դրանցից հրաժարվելու է, չհրաժարվելու համար նոր պայմաններ են անհրաժեշտ: Սերժ Սարգսյանը գուցե նկատում է, որ այս նոր իրավիճակը կարող է բերել նրան, որ հայկական գործոնը, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը բերվի օրակարգ որևէ կերպ և այստեղ իհարկե առաջին պլան են մղվում արձանագրությունները: Սարգսյանը, կարծես թե, փորձում է արձանագրությունները դուրս բերել հնարավոր խաղարկման տիրույթից և դիրքորոշում ներկայացնել, որ եթե Հայաստանը ներգրավվելու է որևէ նոր գործընթացում՝ ապա նոր պայմաններով և նոր իրավիճակով, քանի որ նախկինը կենսունակ չէ:
 
Այն ժամանակահատվածում, երբ ստորագրվում էին հայ֊թուրքական արձանագրությունները, իր առաջին նախագահական ժամկետը սկսող Սերժ Սարգսյանի դիրքերն այլ էին, այժմ իրավիճակը լրիվ այլ է. Այն ժամանակ կար Մարտի 1֊ի ծանր բեռը, կար ներքին լեգիտիմության շատ մեծ դեֆիցիտ, և այդ խնդիրները լուծելու համար արձանագրությունները բավական գործուն միջոց դարձան, Սերժ Սարգսյանը կարողացավ փոխել սլաքների ուղղությունը, միջազգային լեգիտիմություն ապահովել և այս բոլոր խնդիրների պայմաններում ձևավորված արձանագրությունները հիմա լիովին այլ աշխարհում են։ Եվ Սերժ Սարգսյանը շատ հասկանալիորեն նաև փորձում է կանոնները փոխել և ասել, որ հիմա ինքն ամենևին չունի այդ արձանագրությունների կարիքը և կարող է իրեն թույլ տալ որոշակիորեն ավելի ուժեղ դիրքերից խոսել։
 
Հայաստանը պետք է հնարավորինս լավ ներկայացնի միջազգային հանրությանը արձանագրությունները չեղարկելու պատճառները, քանի որ Թուրքիան փորձելու է Հայաստանի այս քայլը ներկայացնել որպես ոչ կառուցողական: Մյունխենյան հարթակը, ըստ նախկին պատգամավորի, հարմար առիթ էր՝ ևս մեկ անգամ հայտարարելու, թե ում պատճառով է ստեղծվել արձանագրությունների հետ կապված վիճակը։ Այս ֆոնին հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչումը կարող է կարեւոր աշխարհաքաղաքական քայլ դառնալ: Սակայն պաշտոնական Երևանը դեռ սպասում է:
 
 
Ստելլա Խաչատրյան