Հաշվի առնելով, թե Հայաստանում նախագահական ընտրություններն ինչ պայմաններում տեղի ունեցան, Սերժ Սարգսյանի վերընտրվելը երկրորդ անգամ, կանխատեսելի էր. inoСМИ.ru-ի փոխանցմամբ՝ գրել է թուրքական Milliyet-ը։
Պարբերականի վերլուծաբան Թուրքական Սամի Քոհենը Հայաստանում նախընտրական ընթացքն աննորմալ է համարում։
Նա նշում է, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը կարող էր դառնալ Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, սակայն 68-ամյա քաղաքական գործիչն իր տարիքի պատճառաբանելով՝ հրաժարվեց թեկնածություն առաջադրելուց։
«Թեկնածուներից մեկը՝ Պարույր Հայրիկյանը, քարոզարշավի ընթացքում զինված հարձակման ենթարկվեց և վիրավորվեց։Մեկ այլ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը, հացադուլ սկսեց։ Հավանական թեկնածուներից միլիոնատեր Գագիկ Ծառուկյանը ևս հրաժարվեց առաջադրումից։ Այսպիսով՝ Սարգսյանի դեմ ամենաուժեղ մրցակիցը մնաց նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը (հավաքելով 37% ձայն), ով բողոքարկում է ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումներն ու հրաժարվում ճանաչել արդյունքները։
Չնայած այս բոլոր աննորմալ պայմաններին, 59-ամյա Սարգսյանը հաղթեց ընտրություններում և վերընտրվեց 5 տարի ժամկետով»,-գրում է Սամի Քոհենը։
Նա նշում է, որ չնայած գործադրած ջանքերին՝ չի կարելի ասել, որ Սարգսյանի առաջին շրջանը շատ հաջող անցավ։ Երկրի ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է ու աղքատությունը. ժողովրդի 30%-ն աղքատ է։ Չնայած անցյալ տարի արձանագրված տնտեսական աճին՝ մեծ է գործազրկության մակարդակը։ Արտագաղթը շարունակվում է։
«Արտաքին քաղաքականության մեջ լուրջ խնդիրներ կան։ Ղարաբաղյան հարցը դեռ չի լուծվել և Ադրբեջանի հետ թշնամությունը շարունակվում են, Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվում... Այժմ՝ Սարգսյանը երկրորդ շրջանում արդյոք կարո՞ղ է ավելի հաջողակ լինել»,-հարցնում է հոդվածագիրն ու ավելացնում՝ ամեն ինչ կախված է հանգամանքից, թե որքան համարձակ և տարբեր քաղաքականություն կվարի նա։
Քոհենի համոզմամբ՝ Հայաստանի ապրած դժվարություններում Ադրբեջանի հետ առկա լարվածությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները մեծ դեր ունեն և «քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, Երևանի առջևը չի բացվելու»։
Հոդվածագիրն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին։
«Թուրքիայի տեսանկյունից՝ առաջին հայացքից թվում է, որ Երևանի հետ հարաբերությունները մեզ չեն վնասում: Մեզ թվում Է՝ նրանք են դժվարության մեջ, մենք ուժեղ ենք ու կսպասենք, մինչև նրանք մեր պայմանները կատարեն, սակայն դա այդպես չէ»,-գրում է նա։
Նա հիշեցրել է, որ 2009թ.-ին Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններով հույս կար, որ սահմանը կբացվի և երկրների միջև հարաբերություններ կհաստատվեն։
Ավելի ուշ, Ադրբեջանի գործոնը հաշվի առած Անկարան Երևանի առաջ անսպասելի նախապայման դրեց՝ Ղարաբաղի հարցում զիջում սպասելով։
Սարգսյանը դա չընդունեց։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն էլ ապարդյուն անցան։ Ղարաբաղի հարցը սառեցվեց, հարաբերությունները նույնպես։
«Իրականում այդ հարաբերությունների այդպես մնալը Թուրքիայի օգտին չէ։ Սահմանների փակ մնալն ու երկու մայրաքաղաքների միջև վեճի շարունակումը թեև Հայաստանին ավելի շատ է վնասում, սակայն երկու կողմերի համար էլ լավ չէ։
Դարակներում մնացած «Հայ-թուրքական հարաբերությունների թղթապանակը» վերաբացելը օգտակար կլիներ։ Հարաբերությունները կարգավորելու ուղությամբ գործնական բանաձևերի շուրջ հնարավոր է աշխատել։ Արդյոք երկրորդ շրջանում Սերժ Սարգսյանը նման ցանկություն կհայտնի՞...»,- նման հարցադրումով է եզրափակել իր հոդվածի հեղինակը։