ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: «Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին: Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հասնելու բանակցությունները»,-հայտարարել է Լավրովը:
Լրագրողի հարցին՝ հնարավոր է արդյոք կոմպրոմիս, Լավրովը պատասխանել է. «Կոմպրոմիսը միշտ է հնարավոր: Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չէին աշխատի այդ ուղղությամբ: Կշարունակենք ամբողջական և բազմակողմ լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքը, կգնանք առաջ քայլ առ քայլ»:
Վիեննայի բանակցությունները կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանդիպմանը ներկայացված են եղել ԱԳ նախարարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի: