Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից մի քանի ժամ անց շփման գծում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինծառայողներ են զոհվել, գրում է Reuters գործակալությունը:
Մարտական գործողությունների վերսկսումից հետո՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում առաջինն էր: Ապրիլին տասնյակ զինվորներ են զոհվել, իսկ հարևանների միջև հարաբերությունները ավելի են վատացել, քան եղել են տարիներ շարունակ:
Գործակալությունը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ի հաղորդագրությունը, որի համաձայն հայ զինծառայող է զոհվել Ադրբեջանի կողմից հրաձգության հետևանքով: Նաև նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանձին բանակցություններ է ունեցել երկու երկրի առաջնորդների հետ:
«Հակամարտությունը միջազգային համայնքին մտահոգում է մասամբ որովհետեւ այն կարող է ապակայունացնել իրավիճակը մի տարաշաշրջանում, որը միջանցքի դեր է կատարում համաշխարհային շուկաներ նավթ ու գազ մատակարարող խողովակաշարերի համար»,- ասվում է հոդվածում: