Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայաստանյան իշխանությունները՝ ի դեմ Սերժ Սարգսյանի, հայտարարեցին, թե հայկական կողմն ունեցել է 200-300 մետր քառակուսու կորուստ, ինչը ռազմավարական և ստրատեգիական առումով էական նշանակություն չունի։ Իհարկե, հասարակությունը չհավատաց Սերժ Սարգսյանի այդ հավաստիացումներին։ Օրեր առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց՝ հայկական կողմն Արցախում Թալիշի հատվածում կորցրել է 700 հեկտար տարածք։

 

Սէֆիլյանի այս հայտարարությունից հետո սկսվեց «գրոհ» վերջինիս նկատմամբ, անգամ Սէֆիլյանին ազգի դավաճան պիտակավորեցին։ Եվ ահա, երեկ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ հայկական կողմը կորցրել է 800 հեկտար տարածք, սակայն «ոչ թե հայրենիքից, այլ անվտանգության գոտուց»։ Սարգսյանի այս հայտարարությունը եղավ Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո ինքնաթիռի մեջ։ Շատերի մոտ արդարացի հարցեր են առաջանում, թե ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ այդքան զոհեր եղան ու արդյունքը՝ կրկին փակուղի, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց Վիեննա այն դեպքում, երբ իր դրած պահանջներից և ոչ մեկը չէր կատարվել։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արամ Կարապետյանն ասում է՝ ստացվեց հետևյալ վիճակը. Ադրբեջանը ռազմական առումով չհասավ նպատակին՝ ճեղքել առաջին գիծը և քաղաք գրավել կամ ինչ-որ ավելի մեծ տարածք, բայց ինչ-որ մասեր իրեն հաջողվեց գրավել։

 

«Ես ռազմական տեսակետից չեմ կարող ասել՝ ռազմական նշանակություն ունեի՞ն այդ տարածքները, թե՞ ոչ, բայց որ բարոյահոգեբանական առումով դա լավ չէր, բոլորն են հասկանում։ Դա ոգևորում է Ադրբեջանին։ Վերջին 25 տարվա մեջ իրենց հաջողվել է ինչ-որ հողեր հետ վերցնել։ Սա նաև ինչ-որ առումով աշխարհին ցույց է տալիս, որ Հայոց բանակի անպարտելիության մթնոլորտը կարող է փոխվել՝ մեծ քանակությամբ զինտեխնիկայի կիրառման դեպքում։ Այս երկու առումներով շատ վատ է։ Հետո ի՞նչ եղավ։ Եղավ այն, որ Սերժ Սարգսյանը պայմաններ դրեց։ Այդ պայմանները աշխարհն Ադրբեջանի հետ միասին լսեց, ասացին՝ «հա, քո ասածն ա, կգրենք դա թղթի վրա, մենակ թե դու (Սերժ Սարգսյանը-խմբ.) արի խոսի»։ Սերժ Սարգսյանն էլ գնաց, թղթի վրա գրեցին հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու մասին և այսօր առավոտյան արդեն Ադրբեջանն ասեց, որ դա թուղթ է, Մինսկի խմբի համանախագահների ցանկությունն է, իրենք որևէ պարտավորություն չունեն։ Նրանք բացահայտ ասեցին՝ իրենց դա չի հետաքրքրում»,- մանրամասնեց Արամ Կարապետյանը։

 

Իսկ ի՞նչն է հետաքրքրում Ադրբեջանին, և ինչո՞ւ Սերժ Սարգսյանին «տարան» Վիեննա։ Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանն ասում է՝ թող Հայաստանը զորքերը հանի, 5 շրջանն ինձ տա, եթե ոչ, ապա դա ես պատերազմով եմ վերցնելու։ «Ես (Ադրբեջանը-խմբ.) սպասելու ժամանակ չունեմ։ Մեխանիզմ եք ներդնում, չեք ներդնում, դա ձեր գործն է։ Ես կա՛մ կռվելու եմ, կա՛մ այդ պայմանները բավարարեք»։


Իսկ սրան ի պատասխան ի՞նչ է ասում Հայաստանը՝ մեր զրուցակցի պնդմամբ, ոչ ոք չի հասկանում.«Չենք հասկանում, որովհետև դիրքորոշում չկա Հայաստանի կողմից։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ այդ տարածքները հանձնել՝ Արցախի ինչ-որ կարգավիճակի դիմաց, կա,մ հյուծիչ պատերազմ տեղի կունենա»։


Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 800 հեկտար հողատարածք են կորցրել, ոչ մի քննադատության չարժանացավ, իսկ Ժիրայր Սէֆիլյանն իր հայտարարության համար անգամ ազգի դավաճան որակվեց։ Ինչո՞ւ։ «Դուք շատ ճիշտ հարցեր եք տալիս։ Ես արդեն մի քանի տարի է՝ փորձում եմ բացատրել, որ Սերժ Սարգսյանը և իր շրջապատը ասում են բաներ, որոնք միայն իրենք են ասում, հնարավո՞ր է դա իրագործել, հնարավոր չէ՞, ճի՞շտ է, տրամաբանություն կա՞, թե՞ ոչ, ոչ ոք չի մտածում։ Այսինքն՝ մեկն ասեց, որ 700 հեկտար կորցրել ենք, հարված հասցրեց իշխանության իմիջին։ Դուրս է գալիս նախագահներից մեկն առաջին անգամ հող է կորցրել։ Իմիջին հարված է հայերի հարցում։ Բացի մեզնից, բոլորն էլ գիտեն՝ ինչ են գրավել»,- շեշտեց Արամ Կարապետյանը։

 

Վերջինս խորհուրդ է տալիս մտածել՝ ինչ ենք անելու առաջիկայում. «Կա՛մ Սերժ Սարգսյանն ուզում է հողերը հանձնել, մնալ կառավարել, այս համակարգը պահպանել ու շարունակել, որն իմ տեսակետից անհնար է, կա՛մ Սերժ Սարգսյանը չի համաձայնում դրան, և Ադրբեջանը մտնում է հյուծելի երկարատև պատերազմական փուլ, որովհետև լայնածավալ պատերազմով էլ հարցը չի կարող լուծվել։ Ադրբեջանն այդքան ուժ և միջազգային վստահություն չունի։ Ուրեմն գնալու է երկարատև հյուծիչ պատերազմի ճանապարհով, մինչև աշխարհը վերջիվերջո ճնշի Հայաստանին, ասի՝ տուր, քանի որ այստեղ կարող է մեծ պատերազմ սկսվել։ «Ինչ անենք»-ը չի երևում, փակուղի է»,- իր խոսքը եզրափակեց Արամ Կարապետյանը։

 

Քրիստինա Աղալարյան