Ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ Հայաստանում ծավալած գործունեության մասին, թերևս, քչերն են տեղյակ: Իսկ այդ փաստի ոչ հանրահայտ լինելը գլխավորապես պայմանավորված է թշնամական լրտեսական հետախուզական ցանցի հաջող քողարկմամբ, ինչն օգնում է ազերիներին հարկ եղած դեպքում Հայաստանում հաջողությամբ սերմանել տագնապի, անվստահության ու հակակրանքի քայքայիչ սերմեր՝ ներսից թուլացնելով մեր հայրենիքը.գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ վերջերս բարձրացած աղմուկն այս ամենի ամենավառ օրինակներից մեկն է:



Ինչպես գիտեք, այս ողջ աղմուկը բարձրացել էր՝ կապված գեներալին փնովելու նպատակով հորինված մի պատմության հետ. իբր գեներալն անհարգալից է արտահայտվել ինչ-որ զինվորի հասցեին: Նախ՝ ինչպես պարզ է դառնում բուն ականատեսների վկայությունից, ոչ մի նման բան առհասարակ տեղի չի ունեցել, իսկ այն հերյուրանքները, թե իբր գեներալ Մանվել Գրիգորյանը հայհոյել է զինվորներին՝ իրեն ճանապարհ չտալու պատճառով, կատարյալ սադրանք են ու ադրբեջանական հատուկ ծառայությունների լրտեսների կողմից դաշտ նետած խայծ, որ նպատակ ունի հայոց համար ճակատագրական այս պահին, երբ կենացմահու հարց է դարձել ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու առավել, քան երբևէ մենք կարիք ենք զգում ներքին համախմբվածության ու բռունցքվելու, երկպառակություն առաջ բերելու հասարակության ու բանակի շարքերում՝ թուլացնելով երկիրը ներսից. խնդիր է դրված պախարակել հերոսների ու զինված ուժերի ոգին հանդիսացող մարդկանց բարի համբավն ու երիտասարդ սերնդի մեջ սերմանել հիասթափություն, կոտրել հայրենասիրական ոգին Հայաստանում:

 

 

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա նշենք, որ այն, թերևս, լավագույնն է ներկայացնում ականատեսներից մեկը, ով պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջեբրաիլից վերադառնալու ճանապարհին, երբ Հադրութ չհասած իրենց ճանապարհին կանգնած են եղել «Մերսեդես» և «Օփել» մակնիշի 2 ավտոմեքենան։ Ինչպես պարզ է դառնում նրա պատմածից, գեներալի ղեկավարությամբ շարասյուն չի եղել, այլ առջևից գնացել է գեներալի ավտոմեքենան, հետևից եղել է ՎԱԶ 21-06, որի մեջ եղել է ինքը և իրենց հետևից եղել է շտապօգնության ՈՒԱԶ-ը։ Երկու ավտոմեքենաները կանգնած են եղել հանդիպակաց ուղղության վրա՝ դռները բաց: Իրենց նախազգուշացումից հետո կանգնած ավտոմեքենաները տեղից չեն շարժվել։ Գեներալը, փորձելով շրջանցել, ավտոմեքենաների կողքին կիպ կանգնելով՝ հորդորել է, սաստել է նրանց՝ չի կարելի ճանապարհը փակել: Պարզվում է նաև, որ ավտոմեքենայի մեջ եղած անձինք զինվորներ, զինվորականներ կամ կամավորներ առհասարակ չեն էլ եղել։



Այսքանից հետո մի շատ բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ է անտեղի բարձրացած աղմուկը ձեռնտու՝ բացի ադրբեջանական հատուկ ծառայություններից՝ իհարկե: Ո՞ւմ է խանգարում Մանվել Գրիգորյանի հզոր անձը, ո՞ւմ ճանապարհին է կանգնել հայոց բանակի մարտական ոգին մարմնավորող այս գործիչը: Հայտնի է, որ բոլոր ժամանակներում էլ այն մարդիկ, ովքեր իրենցից ինչ-որ բան են ներկայացրել, միշտ էլ ունեցել են ախոյաններ, չուզողներ, փնովողներ: Թե ովքեր կարող են լինել բազմավաստակ գեներալի թշնամիները մի երկրում, որի կայացման գործում նրա ունեցած ներդրումն անգնահատելի է, այդպես էլ մնում է առեղծված, բայց որ թիրախավորելով գեներալ Գրիգորյանին՝ նմանների բուն նպատակը միայն մարդու անձը փնովելը չէ, այլ ունեն շատ ավելի հեռուն գնացող նպատակներ, փաստ է. կոտրելով ազգի ոգին՝ առանց դիմադրության կարող են տիրանալ նրա գանձերին: Թշնամին այս աքսիոմատիկ ճշմարտությունը լավ է սերտել ու անում է ամեն բան՝ Հայաստանը ներսից քայքայելու համար. զգո՛ն լինենք ու թույլ չտա՛նք շներին՝ տիրանալու մեր գանձերին, արժևորենք դրանք…



Դավիթ Բաբանով