Մոսկովյան բանկում մարդկանց պատանդառած ու իրավապահների գործողությունների ընթացքում սպանված հանցագործի ինքնությունը պարզվել է: Նա ոմն Ալեքսեյ Յու. Է, հայտնում է Life.ru–ն:
Հանցագործի արարքի դրդապատճառը պարզում են: Փորձագետները ենթադրում են, որ նման արմատական քայլով նա փորձել է լուծել իր անձնական պարտքերի հարցը:
«Տարօրինակ գումար էր պահանջում՝ 4.7 մլն ռուբլի ու 13 հազար եվրո՝ հաստատ դա ինչ-որ բացատրություն ունի: Գուցե տղամարդը մեծ պարտքեր էր կուտակել, օրինակ հիփեթեքային ու նրան որոշակի գումար էր պետք»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» իրավապահներից մեկին:
Բանկի վրա հարձակումը նախապես ծրագրված էր, կարծում են մասնագետները: «Սպանված հանցագործի մոտ հայտնաբերվել է նաև մուլյաժային պայթուցիկ սարք, ինչը վկայում է այն մասին, որ նա որոշ ժամանակ պատրաստվել է հանցագործությանը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը իրավապահ մարմինների ներկայացուցչին:
Նախօրեի երեկոյան տղամարդը ներխուժել էր Մոսկվայի Պերվոմայսկայա փողոցի վարկային բանկի բաժանմունք ու վեց մարդու պատանդառել: Ուժայինների գալուց հետո չարագործը ազատ է արձակել պատանդներին: Նա սպառնացել է պայթեցնել ինքն իրեն մուլյաժային ռումբով: Հատուկ նշանակության ջոկատը ստիպված է եղել ոչնչացնել հանցագործին: