Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Գ. Սիմոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Լ. Նասլյանը, 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն հայհոյելու հանգամանքը պարզաբանելու պատճառով վիճաբանել է համագյուղացի Գ. Սիմոնյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին։ Հարվածների հետեւանքով Սիմոնյանին պատճառվել են գանգուղեղային բաց բութ վնասվածքներ, աջից ճակատային շրջանի և ձախից ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, աջից ճակատոսկրի և քունքոսկրի կոտրվածքներ, սեպոսկրի կոտրվածք, ձախից ծոծրակոս կրի կոտրվածք, ձախ քունքոսկրի բրգի և պտկաձև ելունի կոտրվածք և այլ վնասվածքներ, որոնք դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գնահատվել են կյանքի համար վտանգավոր:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, Լ.Նասլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: