Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին և գումարտակի ևս երկու ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

 

Դատավորը հանրահայտ Մնացական (Մացո) Մարտիրոսյանն է, ում ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սաֆարյանի փաստաբանը, չեն վստահում և վստահ են՝ կողմնակալ վերաբերմունք է լինելու գործի նկատմամբ: 

 

Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկ ներկայացրեց և նշեց կետեր, ըստ որի դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող անկողմնակալ որոշում կայացնել: Հայրապետյանը հիշեցրեց, որ Մնացական Մարտիրոսյանը քննել է Մարտի 1-ի, Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սէֆիլյանի և այլոց գործեր:

 

«Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար: Չմոռանանք, որ Մնացական Մարտիրոսյանն ամենաշատ քաղաքական հնչեղություն ունեցող գործեր քննողն է: Հասարակության մեջ մոտեցում կա, որ Դուք իշխանությունների ապօրինություններն արդարացնող բացառիկ կարողություն ունեցող դատավոր եք»,- դատավորին ասաց Տիգրան Հայրապետյանը:

 

«Միջնորդում եմ Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնել»,- հավելեց Հայրապետյանը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և դատական նիստը կշարունակվի ժամը 16:00-ին:

 

Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը: Սույն արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, քանի որ տոնածառի հագուստով ակտիվիստը շրջում էր մայրաքաղաքի փողոցներում: Այդ ժամանակ 3 անձ բերման ենթարկվեց, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը: 

 

Դատարանի դիմաց դատական նիստին զուգահեռ հավաքվել են նաև Սաֆարյանի ընկերները, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները: 

 

Ք. Աղալարյան