ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության՝ քրեական գործը դատարան մուտք է եղել հունվարի 15-ին և նույն օրը մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Նշենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանին են մակագրվել մի շարք աղմկահարույց գործեր՝ բոլոր իշխանությունների ժամանակ։ Վերջինս համարվում է իշխանությունների կամքը դակող դատավոր և ունի բավականին ցածր վարկանիշ։ Հունվարի 20-ի դրությամբ՝ նրա վարկանիշը 0 միավոր է։
Քրեական գործով մեղադրյալներն ութն են՝ Վահագն Վերմիշյանը, Վազգեն Պողոսյանը, Գագիկ Գալստյանը, Ջոն Ֆարխոյանը, Ռազմիկ Խուրշուդյանը, Մուշեղ Ավետիսյանը, Էլեն Գրիգորյանը և Վրեժ Ասրյանը։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղ.շին կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույք։
Վազգեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գագիկ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար։
Ջոն Ֆարխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին անձամբ տրամադրել է 952.00 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։ Ռազմիկ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին տվել է կաշառք, մասնավորապես' անձամբ պաշտոնատար անձին առաջարկել է այլ անձի համար գույք' իր օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու համար:
Մուշեղ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նատալիա Չեռնիկովայի հետ նախնական համաձայնությամբ, «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հաշվապահներ Էլեն Գրիգորյանի և Վրեժ ՏԻգրանի օժանդակությամբ պատրաստել և օգտագործել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր: Էլեն Գրիգորյանին եւ Վրեժ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Ավետիսյանին և Նատալիա Չեռնիկովային ակնհայտ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու հարցում օժանդակելու համար։