Երեկ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան առջև մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի կալանման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, պիկետավորները պահանջել են ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության կեղծ մեղադրանքով:

 

 

Ակցիայի մասնակիցները կրել են Մամեդովի և Իբրահիմովի, ինչպես նաև բանտում գտնվող հետազոտող լրագրող Խադիջա Իսմայիլովայի պատկերներով շապիկներ:

 

 

Ադրբեջանցի վտարանդի այլադավանները նախատեսում են նման բողոքի ակցիաներ անցկացնել նաև այլ եվրոպական երկրներում Ադրբեջանի դեսպանատների դիմաց:

 

 

Նրանք Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատաների մուտքերին հետևյալ գրություններով պաստառներ են փակցրել. «Մենք ստրուկներ չենք, թմրամոլներ չենք: Մենք երիտասարդություն ենք, որին դուք ցանկանում եք վերացնել»:

 

 

Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել են մայիսի 11-ին՝ նախորդ գիշեր Բաքվի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով և անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում՝ Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ անելու համար:

 

 

Այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

 

 

«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել»,- լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը՝ նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել են այդ առաջարկությունից:

 

 

Բաքվի դատարանը նրանց նկատմամբ 4 ամիս ժամկետով մեկուսացնելու որոշում է ընդունել մինչև դատը: Մամեդովին և Իբրահիմովին 12 տարվա ազատազրկում է սպասվում:

 

 

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հայտարարել է, որ ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով Բաքվում Հեյդար Ալիևի արձանը պղծած ակտիվիստներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց:

 

 

«Ադրբեջանը երիտասարդ ակտիվիստների դեմ թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներ առաջադրելու տխուր պատմություն ունի, որպեսզի վախեցնի նրանց և հետ պահի մյուսներին նրանց հետևելուց»,- ասել է Հարավային Կովկասի գծով HRW-ի տնօրեն Գեորգի Գոգիան:

 

 

Բայրամ Մամեդովը հանդիսանում է NIDA երիտասարդական շարժման, իսկ Գիյաս Իբրահիմովը' ձախամետ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի անդամ: Երկու ակտիվիստներն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են:

 

 

Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին և քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնականներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

 

 

Meydan TV-ն այդ առնչությամբ գրում է, որ Ադրբեջանն այսօր մի երկիր է, որի իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչև բանտապահ, «պատվի» և «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը:

 

 

Միջազգային և ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' Ադրբեջանում ներկայումս մոտ 100 քաղաքական բանտարկյալ կա, որոնցից 28-ը ճանաչվել են խղճի բանտարկյալներ: