Մայիսի 21-ին Էջմիածնում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ դիմավորելու Արցախից վերադարձած գեներալ Սեյրան Սարոյանին և կամավորական-ազատամարտիկներին, ովքեր ապրիլի 2-ից գտնվում էին առաջնագծում: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը։

 

Միջոցառումը լուսաբանող մեր գործընկերների շարքում էր նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նրա խոսքերով՝ ինքն անընդհատ զանգեր է ստանում ՀՀ տարբեր մարզերից Արցախ մեկնած կամավորականներից։ Ֆոտոլրագրողը միջոցառման ընթացքում անընդհատ դժգոհում էր, որ առաջնագիծ մեկնողներին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ պատշաճ աջակցություն չեն ցուցաբերում։

 

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ Գորիսից, Կապանից, Սիսիանից, Մեղրուց և հարակից շրջաններից Արցախ մեկնած կամավորականները գովեստի խոսքեր են ասել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հասցեին՝ նշելով, որ նա մշտապես պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրենց և ապահովել է առաջնագիծ մեկնելու համար անհրաժեշտ ցանկացած բանով։ Ազատամարտիկ–կամավորականները նշել են, որ ներկա իրավիճակում Խաչատրյանի ջանքերը արժանի են ամենաբարձր գնահատականի։