Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը:

 

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում:

 

Իր հերթին դեսպան Հեֆերնը ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը: Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, զբոսաշրջության և այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը և առաջիկա նախագծերը:

 

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: