Հայաստանին ռուսական զենքի մատակարարման թեման հատկապես ապրիլյան հայտնի իրադարձությունների ընթացքում ու դրանից հետո դարձավ ընթերցողներին առավել հետաքրքրող ու քննարկվող թեմաներից մեկը: Հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և զգայուն արձագանքը լիովին հասկանալի է:
Հասկանալի են նաև, բայց միաժամանակ անընդունելի, այս թեմայի հետ կապված մի շարք ԶԼՄ-ների և անձանց շահարկումները, խեղաթյուրումները, իրականությանը չհամապատասխանող, որոշ դեպքերում ուղղակի կեղծ տեղեկությունների հրապարակումը: Նրանց նպատակը հիմնականում հետևյալն է' անտեսելով մինչ այժմ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի վաճառքի փաստը, կեղծ տեղեկություններ հրապարակելով, թե Ռուսաստանը վերջին շրջանում մեզ զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա չի մատակարարում, կասկածներ և անվստահություն առաջացնել Ռուսաստանի նկատմամբ:
Ավելին. նրանց նպատակն է նաև այդ անվստահությունը հնարավորինս վերածել Ռուսաստանի և ռուսների նկատմամբ ատելության, Հայաստանի անվտանգության արտաքին բաղադրիչի ապահովման համար մեր երկրի ղեկավարության կատարած ընտրությունը (ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ և անդամակցություն ՀԱՊԿ-ին) համարել սխալ, ՀՀ բնակչության շրջանում հոգեբանական և այլ առումներով հող նախապատրաստել Ռուսաստանի հետ մեր այդ հարաբերություններից և ՀԱՊԿ-ին անդամակցելուց հրաժարվելու, մեզ անհրաժեշտ անվտանգության արտաքին բաղադրիչը ՆԱՏՕ-ին անդամակցելու շրջանակում փնտրելու համար: Թերևս ավելորդ է ասել, որ այդ ԶԼՄ-ների ետևում միանգամից երևում են Արևմուտքի ականջները, նրանց այդ նպատակադրման ու գործունեության վտանգավորությունը նույնպես, կարծում եմ, չունի բացատրության կարիք:
Իսկ ո՞րն է իրականությունը…
Իրականությունը նախ այն է, որ Ռուսաստանն Անդրկովկասում ամենահեռահար և ամենահզոր զենքը' 300 կմ հեռահարությամբ Scud B օպերատիվ-մարտավարական նշանակության հրթիռային համալիրները, միայն Հայաստանին է տվել, դրանցից Ադրբեջանը չունի:
Իրականությունը նաև այն է, որ անցած տարիների ընթացքում, վերջին շրջանում նույնպես, Ռուսաստանը Հայաստանին վաճառել է տարբեր զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա: Գյումրիում գտնվող ավիաբազան վերջին 3 տարվա ընթացքում ընդունել է ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ' Հայկական բանակի համար նախատեսված ծանր սպառազինությամբ (http://ru.1in.am/1150396.html): ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ՊՆ մամուլի քարտուղարը տարբեր առիթներով քանիցս հայտարարել են, որ Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումը շարունակական գործընթաց է: Այլ խնդիր է, որ հասարակությանը ցայսօր դեռ անհայտ է մնում' ստացված այդ սպառազինության մեջ կա՞ն արդյոք «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ТОС-1А «Солнцепек» հրանետներ, որոնցից Ադրբեջանն ունի, և որոնք իսկապես հսկայական նշանակություն ունեն ռազմական գործողությունների ժամանակ:
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ Հայաստանին ընդհանրապես ռուսական սպառազինության մատակարարման իրողությունը, գործընթացը և ՀՀ-ին ՌԴ-ի միջև կնքված շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը որոշ ԶԼՄ-ներ և սոցիալական ցանցերի օգտատերեր հաճախ միտումնավոր իրար են խառնում: Վերջինս, որի շրջանակում Հայաստանը պետք է ստանա նաև «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ТОС-1А «Солнцепек» հրանետներ, դեռ չի սկսված, և ոմանք հենց այս փաստն օգտագործելով, փորձում են տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանը վերջին տարիներին Հայաստանին սպառազինություն չի մատակարարել և առաջիկայում չի էլ մատակարարելու: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ վարչապետը, հիշյալ վարկի առնչությամբ գործընթացը շարունակվում է ըստ պլանի, որևէ ուշացում, ձգձգում, խոչընդոտ չկա: Ի՞նչ հիմք կա նրան այս առումով չհավատալու:
Հիշենք, որ ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստանին մինչև 200 մլն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին, որը հատկացվում է 10 տարով, վճարի տարկետմամբ' մինչև 2018 թ.սկիզբը։ Սպառազինությունը ձեռք է բերվելու դրանց գործարանային գներով:
Միաժամանակ, հանուն ճշմարտության, նկատի ունենանք նաև, որ իրականությանը չի համապատասխանում ռուսական ու հայկական որոշ ԶԼՄ-ներում օրերս հայտնված այնտեղեկատվությունը, թե ՀՀ վարչապետը հայտարարել է հիշյալ վարկի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարման գործընթացի սկսվելու մասին:
Ինչպես տեղեկացանք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանից, Հովիկ Աբրահամյանն այլ բան է ասել, և նրա ասածը, որ մեջբերված է Aysor.am կայքի մայիսի 21-ի համապատասխան հրապարակման մեջ, հետևյալն է.
«Մենք միշտ առիթը օգտագործում ենք»,- Aysor.am-ի թղթակցին ասաց Հ.Աբրահամյանը, պատասխանելով հարցին, քննարկվել է արդյո՞ք ռուսական զենքի մատակարարման հարցը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ նա երևանյան այցի ժամանակ:
«Մեր պայմանավորվածությունը գնում է առաջ, ըստ ծրագրի: Որևէ խնդիր չկա, ըստ պլանի գնում ենք: Այդ վարկը տրամադրվում է և գործընթացը սկսված է»,- ասաց վարչապետը»:
Ինչպես ակնհայտ է, վարչապետի խոսքը վերաբերվում է ոչ թե հիշյալ վարկային համաձայնագրի կամ պայմանագրի շրջանակում ռուսական սպառազինության մատակարարման գործընթացի սկսված լինելուն, ինչը նշանակում է, որ Հայաստանն այս սպառազինության մի մասն արդեն պետք է ստացած լիներ, այլ վարկի տրամադրման գործընթացի սկսված լինելուն»: Իսկ դրանք բոլորովին տարբեր բաներ են, ու զարմանալի է, թե ինչու և ինչպես են որոշ լրատվամիջոցներ շտապելով, դրանք խառնել իրար:
Արթուր Հովհաննիսյան