Մի քանի օր է' ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ները հիացմունքով շրջանառում են բռնապետական ռեժիմների հետ համագործակցող The Business Year հանդեսի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2016 թվականի «Տարվա մարդ» ճանաչելու մասին լուրը:

 

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azadliq.info-ն հետաքրքրվել է տարվա կեսին Ալիևին նման պարգևի արժանացրած միջազգային հանրությանն անծանոթ The Business Year հանդեսով և պարզել, որ չնայած ասվում է, որ այն գործում է արդեն 29 տարի, սակայն, հանդեսի հրատարակության մասին որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ:

 

 

Կայքին հաջողվել է պարզել, որ ադրբեջանական կառավարության կողմից հարգանքի արժանացած The Business Year հանդեսը մինչ այժմ համագործակցել է Էկվադորի, Կոլումբիայի, Մոզամբիկի, Ղազախստանի, Տանզանիայի, Նիգերիայի, Զամբիայի նման երկրների կառավարությունների հետ, պարգևներ հանձնել այդ երկրների բիզնես կառույցներին:

 

 

The Business Year հանդեսը «շրջագայել» է նաև Պանամայում, որտեղ օրերս օֆշորային ընկերությունների հետ կապված լուրջ փաստեր են ի հայտ եկել և այդ փաստաթղթերում հոլովվել էր նաև Ադրբեջանի իշխող ընտանիքի անունը:

 

 

Կայքը նաև պարզել է, որ այդ հանդեսի հետ ադրբեջանական կառավարության համագործակցությունը շատ խորն է: Հանդեսն ավելի վաղ հրապարակել է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, «Փաշա» բանկի վարչական խորհրդի նախագահի հետ հարցազրույցները, որոնցում վերջիններս խոսել են երկրում «աննախադեպ զարգացման, կառավարության հաջող քաղաքականության մասին», ինչպես դա ամեն օր անում են իշխանամետ «Սես», «Ենի Ազերբայջան», «Ազերբայջան» թերթերը:

 

 

«Ակնհայտ երևում է, որ հանդեսը լավ փող է աշխատում ավտորիտար կառավարությունների պատվերներից և գովազդում այդ կառավարություններին: Այն դեպքում, երբ Եվրոպայի, ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թերթերը, հանդեսները գրում են Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների, կոռուպցիայի, կեղծված ընտրութունների մասին, The Business Year-ը զբաղված է ադրբեջանական կառավարության գովերգով, նախագահին «տարվա մարդ» ընտրելով: Այս անգամ Բաքվի «վերաբերմունքն» այնքան շատ է եղել, որ չեն կարողացել սպասել տարվա ավարտին: Բաքվում նույնիսկ հանդեսի շնորհանդես են անցկացրել:

 

 

Մի խոսքով' աշխարհում վստահության լիմիտը վերջացրած Ադրբեջանի կառավարությունը հույսը դրել է աշխարհի կողմից լուրջ չընդունվող The Business Year-ի վրա: Իրենք գրել են տալիս, իրենք ընտրել տալիս, իրենք էլ ուրախանում ու մխիթարանք գտնում», -գրում է կայքը, նշելով, որ «2015 թվականին Ադրբեջանում մարդկանց տարին սև եկավ, իսկ իշխանությունն ընկել է 2016 թվականի «տարվա մարդու» հետևից»: