Ամերիկյան Time հանդեսի ընթերցողները «Տարվա մարդ» են ճանաչել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է հրատարակության պաշտոնական կայքում հրապարակված վարկանիշը:

 

Ցուցակը կազմվել է ինտերնետ-քվեարկության արդյունքների հիման վրա, որին մասնակցել են հանդեսի շուրջ 5 մլն ընթերցողներ: Մոդին ստացել է ձայների 16,2 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանության կողմից ցուցաբերված դաժանության դեմ բողոքի ակցիաների մասնակիցներն են (9,2 տոկոս): Առաջին եռյակը եզրափակում է Հոնկոնգում անցկացված ցույցերի ակտիվ մասնակից Ջոշուա Վոնգը (7 տոկոս):

 

Չորրորդ տեղում պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է (4,9 տոկոս), իսկ հինգերորդում՝ այն բժիշկներն ու բուժքույրերը, ովքեր մասնակցում են Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի հետեւանքների դեմ պայքարին (4,5 տոկոս): ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է վեցերորդ տեղը, նրան իրենց ձայները տվել են հանդեսի ընթերցողների 4,3 տոկոսը:

 

Անցյալ տարի Time-ի ընթերցողները «Տարվա մարդ» կոչմանն արժանացրել էին այն ժամանակ Եգիպտոսի պաշտպանության նախարարի եւ առաջին փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսիին:

 

Դեկտեմբերի 10-ին Time-ը կհայտարարի «Տարվա մարդուն»՝ խմբագրության կարծիքով: Նրա անունը կնշվի Today առավոտյան շոուի եթերում:

 

Առաջին անգամ Time-ի վարկածով «Տարվա մարդը» հայտարարվել է 1927 թվականին: Այդ կոչմանն արժանացել է ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը, ով միայնակ օդով կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը: Հետագայում այդ պատվավոր կոչումն ստացածների թվում եղել են Ջորջ Բուշ-կրտսերը, Հռոմի Հովհաննես Պողոս II պապը, Ուինսթոն Չերչիլը, Իոսիֆ Ստալինը, Ադոլֆ Հիտլերը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: