«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Իրաքի և Սիրիայի տարածքները նախորդ տարվա ընթացքում նվազել են, սակայն խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարածքներում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 

 

ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցի համաձայն, դուրս մղվելով Սիրիայի և Իրաքի որոշ շրջաններից, ահաբեկիչներին հաջողվել է նոր կողմնակիցներ գրավել այլ շրջաններում:

 

 

«Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե երիտասարդներին ինչն է տանում դեպի ծայրահեղականություն և ստիպում նրանց միանալ ահաբեկիչներին»,- նշում է ԱՄՆ Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող Ջասթին Սիբերելը:

 

 

Չնայած՝ զեկույցում նշված են մոտ 60 ահաբեկչական կազմակերպություններ, Միացյալ Նահանգների համար հիմնական վտանգ է ներկայացնում «Իսլամական պետությունը»:

 

 

Հայաստանը Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին և արտաքին ահաբեկչության խնդիր: