Հայաստանում գտնվելս միայն մի պատճառ ունի, այն է՝ վերջերս ՀՀ-ում մի շարք ապազգային ուժեր սկսել են հարձակվել մեր եկեղեցիների, բանակի ու ընտանիքների վրա, ավանդական արժեքների վրա, նաև մեծ մտահոգության տեղիք է տալիս նոյեմբերի 15-ին կայանալք ԼԳԲՏ ֆորումը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը, մանրամասնելով, որ չնայած Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, այնուամենայնիվ, պայքարելու է իր թվարկած խնդիրների դեմ։

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում տվյալ խնդիրների լուծման համար, և թե ում նկատի ունի «ապազգային ուժ» ասելով, Վահագն չախալյանը նշեց, որ դեռ չկան հստակ ծրագրեր․«Մի բան հստակ է, որ չենք թողնելու՝ այդ ապազգային ուժերը, օգտվելով այս ներքաղաքական թոհուբոհից, ազատ ծավալեն իրենց գործունեությունը։ Նրանք նոր չեն և եղել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի և թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, լավ պարարդ  հող են ուղղակի գտել»։

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ Ջավախքում մի շարք ծրագրեր են կիսատ մնացել, սական այնտեղից իրեն Հայաստան բերող միակ դրդապատճառն ավանդական արժեքներին սպառնացող վտանգն է․ «Եթե այդ վտանգը չեզոքացվի, ես էլ չեմ մնա Հայաստանում, ես անելիքներ ունեմ»։

Այն հարցին, թե իր ընկերներից՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը վերջերս ակտիվ մասնակցում էր եկեղեցու դեմ մղվող պայքարին, և կրքերը մինչև հիմա չեն հանդարտվել, այս դեպքու՞մ ինչ է անելու, Վահագն Չախալյանը մանրամասնեց․«Ճիշտ նկատեցիք, Արագած Ախոյանն իմ ընկերն է, բայց կոնկրետ եկեղեցու մասով մեր միջև որոշակի տարաձայնություններ կան, սակայն մենք քննարկել ենք այդ թեման։ Այնտեղ բաներ կան, որ ճիշտ չեն հասկացվել, ամեն դեպքում մեր եկեղեցիներն անառիկ են մնացել և կմնան, անկախ նրանից, թե միջազգային քանի կազմակերպություններ որքան գրանտներ են տրամադրելու,  թե քանի ՀԿ-ներ են լծվելու այդ գործին, և թե ժամանակակից ինչպիսի տեխնոլոգիաներ են կիրառելու՝ մեր եկեղեցին վարկաբեկելու համար»։

 

Իսկ վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականության մասին խոսելիս, Վահագն Չախալյանը մատնանշեց կոռուպցիայի դեմ պայքարը, որն իր համար տեսանելի է ճանապարհային ոստիկանությունում և մաքսատանը։ «Այն տեղերում, որտեղ ջավախքահայերն ավելի հաճախակի են շփումներ ունենում, այլևս թալան չկա։ Նախկինում ջավախքահայերը մինչև Հայաստան էին հասնում՝ մի 7 տեղ տուգանվում էին, անգամ մաքսատներում անամոթաբար վերցնում էին ուսանող երեխաների համար ուղարկվող 2 գլուխ պանրից մի գլուխը»,-նկատեց Չախալյանը։

Վերջում Չախալյանը վստահեցրեց, որ անձամբ մաղերով ջուր է կրելու քաղաքական այն ուժի համար, որը կնպասի Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը։ 

Արմինե Միքայելյան