«Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալները լույս հունիսի 6-ի գիշերը գնդակոծել են Հալեպից հյուսիս ընկած Բրայջ էր Ռիխ շրջանը, ինչի հետեւանքով ավերվել են բնակելի տներ, զոհվածներ եւ տուժածներ կան խաղաղ բնակիչների շրջանում: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիրիայի հաշտեցման ռուսական կենտրոնին:
Գնդակոծումն իրականացվել է ականանետներից եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: «Ահաբեկչական խմբավորումների կողմից բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով ավերվել են առեւտրի կենտրոնը, բնակելի եւ վարչական շենքեր, մասնավոր կառույցներ, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր ու տուժածներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, զինադադարի շնորհիվ ահաբեկիչները կարողացել են վերախմբավորել իրենց ուժերը, համալրել զինամթերքի ու սպառազինության պաշարները եւ անցնել ակտիվ գործողությունների: