Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան փոխեց մեր իրականության մեջ։ Հայրենիքի համար պայքարած ու զոհված հայորդիների հերոսական պատմությունները դեռ երկար կհիշվեն, նրանց մասին դեռ երկար կգրվեն։ Մարտի դաշտում զինվորներից, թե ով ինչպիսի քաջագործություն է արել, մեզ հասնում է տարբեր աղբյուրներից` տարբեր մեկնաբանություններով։ Սակայն մի բան հստակ է՝ մերօրյա հերոսները իրենց կյանքի գնով պահեցին հայրենիքի սահմանները, ապացուցեցին, որ իրենք իրենց հայրերի, պապերի նման հերոսներ են։

 

Քառօրյա պատերազմում արիաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին շատ է գրվել։Նրա փոքրաթիվ վաշտի հերոսական արարքի մասին բազմիցս է խոսվել։ Նա իր անձնակազմի հետ երկար ժամանակ մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող հակառակորդին:


Օրեր անց Պաշտպանության նախարարության մակարդակով հրապարակաված այս տեղեկությունը տարբեր աղբյուրներով, կարծես թե, հերքվեց։ Ներկայացվեց այլ սցենար՝ Արմենակ Ուրֆանյանն ու իր զինվոր Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, իսկ մյուս զինվոր Ռոբերտ Աբաջյանը մարտը շարունակել է ու վերջին նռնակով պայթեցրել իրեն ու թշնամու մոտեցող խմբին։

 

Այնուհետև հրապարակվեց, որ Ուրֆանյանի ու իր զինվորների պաշտպանության տակ գտնվող այդ դիրքը հետ է գրավել 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մալոյան։ Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ Էդիկ Մալոյանն ու իր զինվորները դիրքը հետ են գրավել ավելի ուշ, այն դեպքում, երբ զինվորները կապ են տվել և հայտնել իրավիճակի մասին։ 


Եվ այսպես՝ ի՞նչ է ստացվում։ Ստացվում է՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, թե կապիտան Արմենակ Ուրֆանյանը շրջափակման մեջ ընկնելուց հետո իր ձեռքի նռնակով պայթեցնում է իրեն ու թշնամու տասնյակ զինվորների, բայց օրեր անց ռեպորտաժ է պատրաստվում, որտեղ ՊԲ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է. «Կապիտան Ուրֆանյանը և Սլոյան Քյարամը մարտ են վարել խրամատից։ Այդ պահին արկի պայթյունից զոհվել են վաշտի հրամանատարը և Քյարամ Սլոյանը»։ Այսինքն՝ ՊԲ փոխգնդապետը հերքել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի սկզբնական հայտարարությունը։

 

Կամ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է ոչ գրագետ աշխատել պատերազմական օրերին, կամ Ուրֆանյանի հրամանատարությունն է փոխել նախնական տեղեկությունը և այլ սցենար ներկայացրել, որում որպես հերոս ընդգրկել են նաև հենց այդ մայորին։ 



 

Պետք է նշել, որ այս ամենին Պաշտպանության նախարարությունը որևէ արձագանք չի տալիս, որևէ պաշտոնական մեկնաբանություն չի անում, միայն բավարարվում են մասնավոր զրույցներում զոհվածների հարազատներին ու ծնողներին «սփոփելով», թե իրենց որդիները զոհվել են հերոսական մահով։ Մեկ կարևոր հանգամանք ևս շեշտենք՝ արդեն մի քանի օր է` մամուլում հրապարակվում է տեղեկություն, թե սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ, Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում են շնորհելու։ Սա ևս պատահական չէ, քանի որ Պաշտպանության նախարարությունը հասկանում է կատարվածի լրջությունը և տիկին Համեստի նպատակասլացությունը՝ ապացուցելու, որ որդու հերոսական արարքը ինչ-որ մարդիկ փոխել են։ Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին հրապարակումներն էլ միայն զոհվածի մորը հանգստացնելու, նրա զայրույթը մեղմելու տարբերակ է, ժամանակ շահելու միջոց, մինչև «տեսնեն` ինչ են անում»։ Այս ամենի նպատակը հայտնի չէ, անգամ դժվար է որևէ գուշակություն անելը, քանի որ յուրաքանչյուր հայրենասեր մարդու համար սրբապղծություն է խաղալ զոհվածների անվան հետ։ Առհասարակ, կյանքը ցույց է տվել, որ միշտ էլ այն, ինչ ասվում է սկզբում, դա է ճշմարտությունը, քանի որ հետագայում բերնեբերան անցնելով` ծաղկացնելով կամ նսեմացնելով է խեղաթյուրվում պատմությունը...

 

Այս պատմության մեջ մարդիկ զոհվել, գնացել են ու ոչինչ ապացուցել չեն կարող, բայց կան ողջ մնացածներ, որոնց կյանքը դեռ առջևում է ու նրանց կարերիային չէր խանգարի պատմությունը փոխել ու, արդյունքում, մեդալներ վաստակել...

 

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

 

Քրիստինա Աղալարյան