Երեկվանից համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողության ժամանակ փոքրիկ երեխաների ներկայությունը, այն էլ մանուշակագույն վզկապներով։ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Մարդու իրավուքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ, պարզելու՝ ինչ է պատրաստվում այս առնչությամբ անել Պաշտպանը։ Եգանյանը նշեց, որ անթույլատրելի են համարում երեխաներին նման հոգեբանական ապրումների դրդելը։

 

«Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձևով մասնակից դարձնելու փաստը: «Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասաց Պաշտպանի մամուլի խոսնակը։

 

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը բաց նամակով դիմել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ (անչափահասների գործով), ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին։