Անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը կրծքանշաններով և մանուշակագույն վզկապներով՝ ոչ իրենց կամքով ներկա գտնված երեխաները Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներն են եղել։ Դպրոցի տնօրենը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Գևորգի Պողոսյանն է:


Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը նախ զրուցեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի հետ, ով ասաց, որ երեխաներին հոգեհանգստի արարողությանը տանելու որոշումը Կառավարական հանձնաժողովինը չի եղել, այլ դպրոցներից մեկի տնօրենի որոշումը։

 

«Հանձնաժողովը բնականաբար չէր կարող նման որոշում կայացնել։ Թաղումների ժամանակ ինչ-որ անձ իր յուրահատուկ ձևով է փորձում իր հարգանքի տուրքը մատուցել հանգուցյալին՝ առանց հասկանալու ճիշտ է, թե ոչ։ Կոնկրետ երեկ ինչ-որ դպրոցի տնօրեն իր նախաձեռնությամբ երեխաներին բերել է հարգանքի տուրք մատուցելու և փորձել է ինքնագլուխ ինչ-որ բան անել, որ երեխաները արտասանեն, երգեն՝ մտածելով, որ դա ճիշտ կլինի։ Ինքը հավանաբար գտնում էր, որ ճիշտ էր այդպես, չեմ ուզում վիրավորել։ Երբ ես այնտեղ որպես Մշակույթի նախարարության ներկայացուցիչ տեղեկացա, տեղում ջոկատավարին խնդրեցի երեխաներին դուրս հանել»,- մանրամասնեց փոխնախարարը։

 

Պողոսյանը չի կարծում, թե սա այն հարցն է, որից պետք է նման աղմուկ բարձրացնել, չնայած որ իր համար ևս անընդունելի է եղել երեխաներին այնտեղ տանելը։ «Ես ինքս էլ կարծում եմ, որ դա անիմաստ, անհարիր բան էր, չի կարելի երեխաներին բերել ցանկացած թաղման ժամանակ և փորձել արարողություն կազմակերպել։ Դա ուղղակի համարենք թյուրիմացություն մի կազմակերպության կողմից, որը մտածել է, թե այդպես ճիշտ կլինի։ Ես հավատացնում եմ, որ կազմակերպիչներին ոչ ոք հրահանգ չի տվել երեխաներին հենց դագաղի դիմաց կանգնեցնել։ Հավանաբար բերել են երեխաներին, պտտել են, վերջին հրաժեշտն են տվել և տարել այնտեղ շարել են՝ տնօրենի նախաձեռնությամբ։ Դա մանկավարժին հարիր բան չէ։ Ես ընդհանրապես դեմ եմ երեխաներին կազմակերպված ձևով նման տեղեր տանելուն։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հանձնաժողովը այդպիսի որոշում չի կայացրել։ Դա աբսուրդ է։ Ես այդ պահին այնքան զայրացած էի, որ չեմ նկատել՝ երեխաները ինչ էին հագել։ Հիմա նայում եմ՝ կրծքանշան, վզկապներ։ Երևում է, որ տնօրենը կազմակերպել է»,- հավելեց փոխնախարարը։

 

Ջիվանու անվան աշուղական դպրոցից մեզ հետ զրույցում ասացին, որ պետք չէր նման աղմուկ բարձրացնել։ «Մի քիչ գերան են սարքում ամեն ինչ։ Ամեն դեպքում փնտրում են ինչ-որ բաներ, որ կարողանան հետագայում նյութեր ապահովել։ Մեր դպրոցի երեխաները մեր թագուհուն հրաժեշտ են տվել, քանի որ նրա երգերը մենք այսօր շատ ենք սովորեցնում։ Ես ինքս վախենում եմ դիակներից, չեմ կարող կանգնել, բայց ինչ ասեմ, ամեն մեկն իր կարծիքն է հայտնում»,- փոխանցեց դպրոցի աշխատակիցը։

 

Քրիստինա Աղալարյան