Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիներ հիմնելու Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրին է միացել «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը (ԱԱԿՀ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ծրագրի առաջին փուլում նման լաբորատորիաներ կստեղծվեն Շիրակի մարզի Մարալիկ գյուղում և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: ԱԱԿՀ-ի ֆինանսավորմամբ' ԻՏՁՄ-ն կիրականացնի լաբորատորիաների կահավորումը և մշտական տեխնիկական աջակցության տրամադրումը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը լաբորատորիաները կապահովի համապատասխան որակավորում ունեցող մանկավարժներով:

 

Այս ծրագրի միջոցով աշակերտները կուսումնասիրեն համակարգչային ծրագրավորում, եռաչափ տպագրություն և ռոբոտաշինական նախագծում, ստեղծում և կառավարում: Այս ոլորտներում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում մեծ պահանջարկ ունեն: Նոր ծրագիրը նաև հնարավորություն կընձեռի բարձրացնել մարզերում բնակվող երիտասարդների մասնակցությունը Հայաստանում արհեստագործության զարգացմանը:

 

ԱԱԿՀ-ն ավելի քան տասը տարեկան է: Այն հիմնադրվել է Անուշավան և Օֆիկ Աբրահամյանների կողմից՝ Լոս Անջելեսում, և գլխավոր նպատակն է օժանդակել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող պատանիներին և աղջիկներին' ձեռք բերելու այնպիսի արհեստներ և մասնագիտություններ, որոնց շնորհիվ ապագայում կկարողանան լավ աշխատանք ունենալ և մնալ հայրենի քաղաքներում ու գյուղերում:

 

Անցած տասը տարիների ընթացքում Հայաստանի տասը մարզերում մեկական կրթական համալիր հիմնովին կամ մասամբ վերանորոգվել է: Յուրաքանչյուր դպրոցում բացվել են վեց տարբեր արհեստների դասարաններ' զարգացնելով արհեստագործական կրթությունը Հայաստանի մարզերում: