Հղիության արհեստական ընդհատումը՝ պտղի սեռով պայմանավորված, ծանր հետևանքներ կունենա ժողովրդի և երկրի համար: Սա բավական լուրջ խնդիր է, որի լուծման համար պետք է օգտագործել հասարակական ողջ ներուժը:

 

Խնդիրը բազմաշերտ է, բայց հիմքում աղջիկների նկատմամբ տղա երեխաների ունեցած գերապատվությունն է հասարակության մեջ, որի արդյունքում առաջ է գալիս ոչ միայն գենդերային կամ ժողովրդագրական, այլև ավելի վատ՝ ազգային անվտանգության խնդիրը: Հայաստանում տարեկան մոտ 1400 երեխա չի ծնվում միայն նրա համար, որ աղջիկ է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին երեխայի դեպքում ընտրությունը քիչ տոկոս է կազմում, երկրորդից սկսած՝ ընտրության ցուցանիշները կտրուկ աճում են՝ որոշ մարզերում 100 աղջկա դիմաց 120 տղա, իսկ երրորդ հղիության ժամանակ 100 աղջկան հասնում է 170 տղա հարաբերությունը: Շիրակի մարզն այս տեսակետից նույնպես բացառություն չէ:

 

Հայաստանում երեխա ունենալու սեռով պայմանավորված մշակույթի փոփոխության և հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակը նվազեցնելու նպատակով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», «Արմավիրի զարգացման կենտրոնը», «Մարտունու կանանց համայնաքային խորհրդը» և Save the children կազմակերպությունը իրականացնում են «Պտղի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

 

Շիրակում խնդրի լրջության մասին խոսելու, հասարակական լայն խավերին իրազեկելու նպատակով «Կենաց ծառ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Save the children կազմակերպության փոքր դրամաշնորհի շրջանակում իրականացնում է հանդիպումներ ծրագրի շահառու կազմակերպությունների և մարզի գյուղական համայնքների հետ:

 

Հանդիպումների ընթացում ոչ միայն ներկայացվում է երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքները, այլ նաև կնոջ դերը հասարակության մեջ և այլ խնդիրներ: Համայնքներից մեկում նույնիսկ հայրը աղջկան արգելել է գնալ առաջին դասարան, քանի որ 9 տղա երեխա ունեցող դասարանում իր աղջիկը կլիներ միակը:

 

«Խնդիրն առկա է մեր հանրապետությունում, Շիրակը ևս այս հարցի հետ կապված խնդիր ունի, հատկապես գյուղական համայնքներում: Գաղտնիք չէ, որ մարզն ավանդապաշտ և տղայապաշտ մարզ է, և այդ տեսակետից խնդիրներ կան, հատկապես երրորդ հղիությունը ընդհատվում է աղջիկ երեխայի դեպքում: Խնդիրը նաև ռազմավարական է դառնում՝ հետագայում կարող է վնասել երկրի պաշտպանունակությանը՝ չեն ծնվում ապագայի զինվորներ ծնող մայրեր: Խնդիրը տեսնում ենք իրազեկության մակարդակի բարձրացման մեջ: Յուրաքանչյուր մարդու իրավունքն է երեխա ունենալ, թե ոչ, կամ ինչ սեռի երեխա ունենալ, բայց իրազեկության մակարդակի բարձրացումը կհանգեցնի որոշակի փոփոխությունների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց ծրագրի դասախոս, «Կենաց ծառ» կրթամշակութային հասարակական կազմակերպություն նախագահ Լուսինե Գինոսյանը:

 

Արմենուհի Մխոյան