Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (պատմ. Կողբ) շրջանի մուտքի կամարին ՏԻՄ մարմինների որոշմամբ՝ կամարի քառալեզու (հայերեն, քրդերեն, անգլերեն, թուրքերեն) գրություններից հեռացվել է հայերեն տարբերակը («Բարի եկաք» և «Ցտեսություն»):

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ermenihaber-ը, 2015թ. սեպտեմբերին տեղադրված քառալեզու գրության մեջ առկա հայերենը տեղական բնակչության և ՀԿ-ների կողմից բուռն հակազդեցության էր արժանացել և բողոքի տեղիք տվել, ինչի հետևանքով Թուզլուջայի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել հայատառ գրությունը:

 

Կամարի հայատառ գրությունը 2015թ. հոկտեմբերին անհայտ անձանց կողմից ենթարկվել էր վանդալիստական հարձակման, ինչի հետևանքով վնասվել էին «Ցտեսություն» բառի տառերը: Թուզլուջայի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը այդ դեպքի կապակցությամբ հանդես էր եկել մեկնաբանությամբ.

 

«Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ Թուզլուջան հայկական բնակավայր է եղել: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն են: Այստեղ ապրած հայ բնակչությունը շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությունն ավելացրել ենք որպես հարգանքի տուրք այդ ամենին»: