Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում որոշում կայացրեց, որով ԱԳՆ-ի շենքի (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 3) կփոխարինվեն անվտանգության տեսախցիկների և մուտքի/ելքի հսկման համակարգերը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԳՆ շենքի անվտանգության տեսախցիկների և մուտքի/ելքի հսկման համակարգերը տեղադրվել և շահագործման են հանձնվել 2016թ.-ին: Շահագործման ողջ ընթացքում վերազինման աշխատանքներ չեն իրականացվել:
Առկա տեսահսկման համակարգը ներդնելիս օգտագործվել են անալոգային տիպի տեսախցիկներ, մալուխներ և այլ սարքավորումներ:
Նոր համակարգը համալրված է լինելու նոր սերնդի թվային տեսախցիկներով, օպտիկամանրաթելային և UTP մալուխներով, նոր տեսակի թվային NVR սարքավորումներով: Մուտքի/ելքի հսկման համակարգի փոխարինման արդյունքում կստանանք ժամանակակից չափանիշներին համապատասխանող համակարգ, որը համապատասխան ծրագրային ապահովման միջոցով կապված կլինի տեսահսկման համակարգի հետ:
Համակարգերի ներդնումը կստեղծի հետևյալ հնարավորությունները.
1.Անձի՝ դեմքով, մատնահետքով, համապատասխան քարտով նույնականացման հնարավորություն,
2.Արդիական արգելափակոցի, ռենտգեն խելացի ստուգման համակարգի, կամարակապ մետաղական դետեկտորի, սկանավորող և նույնականացնող սարքի տեղադրման պարագայում՝մասնաշենքի անցակետերում համապատասխան ստուգուման գործընթացը կիրականցվի առավել արդյունավետ և արագ:
3.Անցակետերից յուրաքանչյուրում կտեղադրվի պտտակադռնակ–արգելափակոց, որը կապահովիպաշտոնական այցերի, հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնացված մուտքն ու ելքը:
4.Ավտոմեքենաների համարանիշ կարդացող/ֆիքսող տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի ԱԳՆ մասնաշենք տանող մուտքերի արգելափակոցների աշխատանքը դարձնել ավտոմատ կառավարվող:
Իրականացված շուկայի ուսումնասիրությամբ, վերոնշյալ համակարգերի ձեռք բերման և տեղադրման արժեքը կկազմի 57.000.000 ՀՀ դրամ:
Գնվող ապրանքների ցանկը ներառում է՝ պտտակադռնակներով արգելափակոցեր, ռենտգեն խելացի ստուգման համակարգեր, կամարակապ մետաղական դետեկտորներ, սկանավորող և իդենտիֆիկացնող սարքեր, ավտոմեքենաների համարանիշ կարդացող/ֆիքսող տեսախցիկներ, մեքենաների մուտքի/ելքի կառավարող ռադարներ, ցանացային տեսաձայնագրիչսերվերներ, տարբեր տեսակի ցանցային տեսախցիկներ(108 հատ), համապատասխան արտոնագրված ծրագրեր և այլ համալրող սարքեր: