ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի նոյեմբերին բուքմեյքերական երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակում է կազմակերպվել նույն անձի կողմից։ Բացի այդ, վերջինս ապօրինաբար տիրացել է ՍՊ ընկերության տնօրենի էլեկտրոնային փոստի գաղտնաբառին։

 

Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 15-ին Ա.Ավետիսյանը, նախնական համաձայնությամբ, համապատասխան գումարի դիմաց, այլ անձի միջոցով ձեռք է բերել մշակութագործարարական կենտրոնի տնօրենի կողմից օգտագործվող էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառը և հնարավորություն է ստացել ապօրինի մուտք իրականացնել նշված փոստարկղ:

 

Բացի այդ, պարզվել է, որ Ա.Ավետիսյանի կողմից կազմակերպվել են 2015 թվականի նոյեմբերին երկու տարբեր բուքմեյքերական ընկերությունների կայքերի նկատմամբ տեղի ունեցած DDoS տեսակի հարձակումը։ Նախնական քննության տվյալներով՝ համակարգչային սաբոտաժ իրականացնելու նպատակով Ա.Ավետիսյանը կազմակերպել և ղեկավարել է բուքմեյքերական կայքի ուղեփակման ուղղված գործողություններ. ժամեր շարունակ DDoS տեսակի համակարգչային հարձակման է ենթարկվել բուքմեյքերական ընկերության կայքը, որի հետևանքով կազմալուծվել է կայքի աշխատանքը, հաճախորդները տևական ժամանակ զրկվել են կայքի միջոցով մատուցվող ծառայություններից՝ ընկերության գործարար համբավին պատճառելով ծանր վնաս։

 

DDoS տեսակի համակարգչային հարձակումը դադարեցնելու համար Ա.Ավետիսյանն իր միջնորդությունն է առաջարկել կայքը շահագործող ընկերությունների գլխավոր տնօրենին և պահանջել 5000 ԱՄՆ դոլար։ Առավել ծանր հետևանքներից խուսափելու համար վերջինս Ա.Ավետիսյանին մաս-մաս վճարել է 4.000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ DDoS տեսակի համակարգչային հարձակումներ հետագայում չիրականացնելու համար:

 

Բացի այդ, պարզվել է, որ նշված դեպքից օրեր անց Ա.Ավետիսյանի կողմից համակարգչային հարձակում է կազմակերպվել է մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով այն ևս տևական ժամանակով արգելափակվել է:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համակարգչային տեղեկատվությանն պաօրինի տիրանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ) (Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշատակված համակարգչային հարձակումներն անմիջականորեն կատարվել են արտերկրում գտնվող հաքերների միջոցով։ Քննությամբ պարզվել է օժանդակողի ինքնությունը, ով Ուկրաինայի քաղաքացի է։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում։

 

Ա.Ավետիսյանի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով