Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ կառավարությունը կստեղծի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»:
ՀՀ կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 103 մլն 500 հազար դրամ' հիմնադրամի ստեղծման նպատակով:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե լուրջ ակնկալիքներ ունի հիմնադրամի գործունեությունից:
«Փոխվարչապետին էլ եմ հանձնարարել, որ համատեղ լուրջ պետք է զբաղվենք, որպեսզի արտահանվի մեր ընկերությունների կողմից արտադրված գինիները: Որակը դեպի լավն է գնում, ահագին լավ գինիներ ունենք և լավ մշակույթ է ձևավորվում, որ շատերն օգտագործում են գինի: Ես կարծում եմ, որ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, նաև ֆինանսավորումն ավելացնենք և ունենանք մեծ արդյունքներ»,- ասաց վարչապետը և որպես գինեգործության հաջողակ հիմնադրամ' մատնանշեց Վրաստանում գործող հիմնադիրը:
Վերջին տարիներին նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ, սակայն ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել ներկա իրավիճակի բարելավմանն և հնարավորությունների ամրապնդմանն ուղղված լուրջ քայլեր:
Մասնավորապես, նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները ցույց են տվել, որ օբյեկտիվ տնտեսական բնույթի պատճառներից բացի դրանք պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն: Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ թե’ գործադիր իշխանությունը, թե’ վերոնշված միությունները դեռևս չեն գտել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու արտադրանքի որակը, ընդլայնելու ապրանքի տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: Մինչդեռ դրանք են այն հիմնական շարժիչները, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի' նաև ոլորտի հետագա զարգացմանը:
Հայաստանի Զարգացման Հիմնադրամի արտահանման խթանմանն ուղղված կանոնադրական գործառույթները նույնպես բավարար չեն ոլորտի խնդիրների համալիր լուծման համար: