Հայաստանում շուտով ընտրություններ են: Ընտրություններն այս, սակայն, ոչ թե քաղաքական են լինելու, այլ վերաբերելու են գիտությանը. ինչպես հայտնի է, հունիսի 27-29-ը նախատեսվում է հրավիրվել ԳԱԱ ընդհանուր ժողով ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և նախագահության անդամների ընտրություններ անցկացնելու համար:
Ու չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել այն մասին, որ ԳԱԱ ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն է լինելու, բայց արդեն իսկ ակնհայտ է՝ հենց նա է հիմնական ֆավորիտն առաջիկա ընտրություններում: Այն, որ ներկայումս Հայաստանում գիտության վիճակն ամենևին էլ լավագույններից չէ ոչ միայն համաշխարհային մասշտաբներով, այլև՝ տարածաշրջանային, փաստ է:
Այս անկումային իրավիճակը, թերևս, գալիս է անկախության առաջին տարիներից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես ողջ հետխորհրդային տարածքում, այնպես էլ Հայաստանում գիտությունը սկսեց այնպիսի տեմպերով անկում ապրել, որ թվում էր՝ շուտով դրա հետքն իսկ չի մնա մեր իրականության մեջ: Անցնում էին տարիներ, բայց գիտությունը կրկին ոտքի չէր կանգնում. գիտնականների աշխատավարձերը ցածր էին, չկար համապատասխան միջավայր, գիտնական լինելը մի տեսակ մոդայիկ չէր այլևս:
Որքան էլ կարող է ցավալի հնչել, բայց այս 25 տարվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց վերակենդանացնել հայաստանյան երբեմնի ծաղկուն գիտությունն, ու այն դնել զարգացման ուղու վրա, ինչի բացասական հետևանքները ներկայումս զգալի են ինչպես գիտության ու կրթության ոլորտում, այնպես էլ տնտեսությունում: Այն, որ ցանկացած նոր բան ստեղծելիս կամ եղածը նորի հիմքի վրա զարգացնելիս նորովի մտածող, ճիշտ արժեհամակարգ կրող թարմ ուժեր են հարկավոր, անհերքելի ճշմարտություն է:
Հայաստանում, սակայն, ստացվեց այնպես, որ այդպես էլ մինչև վերջ չարժևորվեց նոր, երիտասարդ սերունդն, ու ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ նույն գիտության մեջ, որպես հիմնական դերակատարներ շարունակեցին հանդես գալ ավագները, ինչը հանգեցրեց լճացման ու նույնիսկ համակարգային աստիճանական քայքայման. ՀՀ ԳԱԱ-ում տիրող ներկայիս անբարեհույս վիճակն ասվածի լավագույն ապացույցն է:
Ինչպես և սպասելի էր, Մարտիրոսյանի հավանական վերընտրման դեմ սկսել են հանդես գալ նրա իսկ կոլեգաները, որոնք շարունակ պնդում են, թե այդ մարդու վերընտրման դեպքում Հայատանի գիտության վերջնական կործանումը դառնալու է անխուսափելի. Մարտիրոսյանի կառավարման նախորդ տարիները հայաստանյան գիտության համար ամենևին էլ ծաղկման ու բարգավաճման տարիներ չեն եղել, ու ոլորտում ծաղկել ու շարունակում է փթթել կոռուպցիան, գիտական կոչումների առուծախը, մի շարք գիտական ուղղություններ հայտնվել են անելանելի վիճակում:
Համաձայնե՛ք, որ Հայաստանյան գիտությանն անաչառ հայացք գցելիս համոզվում ես՝ նմանատիպ պնդումները ոչ թե մարտիրոսյանի անձի դեմ ուղղված որոշ գիտնականների կողմից ձեռնարկած դեմարշ է,այլ տխուր իրականությունից բխած ճիչ, որն անտեսելու դեպքում՝ ստիպված ենք լինելու ևս 5 տարի հանդուրժել այն անկումային վիճակը, որ բնորոշ է դարձել մարտիրոսյանական ժամանակաշրջանին:
Բնական է, որ ցանկացած մեկի մոտ այսքանից հետո մի շատ բնական հարց կարող է առաջ գալ. եթե ամեն բան այդքան վատ է, իսկ Մարտիրոսյանն էլ իրեն չի արդարացրել, ո՞րն է իմաստը՝ կրկին առաջադրելու նրա թեկնածությունը նույն պաշտոնին:
Պատասխանը շատ պարզ է՝ Մարտիրոսյանը վաղուց դարձել է Հայաստանում իշխող այն արատավոր համակարգի մի մասնիկը, որն էլ, խոշոր հաշվով, պատճառն է դառնում մեր երկրի անկման: Հետևաբար՝ իշխանությունները չեն կարող ավելի համապատասխան մեկին գտնել, քան հենց նա է, ինչն էլ, անկասկած, դառնալու է նրա առաջիկա հաջողության հիմնական գրավականը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ