Ուզում եմ, որ մեր երկրի նախագահը լինի հարգված ու սիրված, որ օտար երկրներում բնակվող մեր հայրենակիցները հպարտանան նրանով, որ ընկերական և հարազատների շրջանում նախագահի մասին խոսելիս հիշատակվի նրա առաքինություններն ու նախաձեռնությունները, այլ ոչ թե՝ նրա քրեաօլիգարխիկ արարքները: Կցանկանայի, որ երկրիս նախագահը քաջ գիտակցեր, որ նախագահ լինելը մեծ, դժվարին ու պատասխանատու գործ է, որին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, հոգով ու նվիրումով՝ հանուն իր ժողովրդի, պետության, համամարդկային արժեքների:
Ուզում եմ, որ ընտրություններին էլ յուրաքանչյուր քաղաքացի իր քվեն տա, գիտակցելով դրա արժեքը, ընտրի վստահ և պատասխանատվությամբ, այլ ոչ թե՝ ձայնը վաճառելով կամ վախից դրդված: Շատ կցանկանայի որ նախագահիս խոսքերն աֆորիզմների վերածվեին, ինչպես հաճախ լինում է արևմտյան երկրներում, և ոչ թե դառնային հումորի ու ծաղրի առարկա, և որ նրա խոսքերը ոչ թե անտեսվեին, այլ ընդունվեին քաղաքացիների կողմից, որպես ուղենիշ, և գոհունակության զգացում հաղորդեին, որպեսզի ամեն ոք հպարտանար Հայաստան աշխարհով, հայ լինելով և այդ ամենն ի դեմս երկրի նախագահի:
Բայց նույն նվիրումով ու խղճով պետք է աշխատի նախագահի թիմը, նրա կողմից ձևավորված համակարգը, նրան շրջապատող աշխատակազմը: Պետք է անվերապահորեն աշխատեն հանուն հայրենիքի, հանուն հայ քաղաքացու բարօրության ու արժանապատվության, այլ ոչ թե՝ հայոց մի բուռ հողից իրենց ու իրենց հարազատների համար համեղ պատառներ գողանալով, յուրացնելով և դրսում վատնելով: Քանզի ինչպես ասում են «շքախումբն է թագավոր ստեղծում»։
Ապագա նախագահից ակնկալում եմ իրավական պետություն, որտեղ օրենքները կգործեն բոլորի համար հավասար, մարդիկ կլինեն օրինապահ, կվերանա օրենքի շրջանցումը, դրանով հանդերձ նաև կաշառակերությունն ու կոռուպցիոն բոլոր դրսևորումները, երբ մարդ իրեն պաշտպանված կզգա, քաջ գիտակցելով, որ օրենք չխախտելու դեպքում խնդիր չի ունենա, օրվա հաց վաստակելու համար ստիպված չի լինի «հովանավոր» ունեցող իր գործատուից ամեն տեսակի լուտանքներ լսել: Երբ երիտասարդությունը մեծ խանդավառությամբ կսովորի, մասնագիտական գիտելիք կստանա և լիահույս կլինի, որ իր թիկունքին «հայր» ունի կանգնած, որին ինքն է ընտրել ու ում հետ միասին կշենացնի իր հայրենիքը: Երբ երիտասարդությունն արտասահման կմեկնի իր ձեռք բերած գիտելիքները կրկնապատկելու և հետագայում իր երկրի բարեկեցությանը նպաստելու համար, այլ ոչ թե դրսում աշխատանք փնտրելու և իր ներուժն օտար պետության շահերին ծառայեցնելու նպատակով:
Ապագա նախագահից նաև ակնկալում եմ հստակ մշակութային քաղաքականություն: Մենք դարավոր մշակույթ ունենք, որն այսօր ոչ միայն չի գնահատվում, այլև ոտնահարվում է: Մինչդեռ այլ երկրներում իրենց ունեցած մի փոքր մշակույթն այնպես են փառաբանում, որ ամբողջ աշխարհը հիանա: Մենք փոքր երկիր ենք, բայց ունենք հազարամյա պատմություն, և մշակույթը մեր արյան մեջ է, ինչի շնորհիվ էլ մինչ օրս դրսից քարոզվող անճաշակությունն ու արվեստը չեն կործանել մեզ։ Սակայն հարց է ծագում, ինչքա՞ն կդիմանան մեր պապերի թողած ամուր հենասյուները: Ահա սա է, որ մենք պետք է քաջ գիտակցենք ու օրեցօր մեր հարուստ մշակութային ժառանգության հիմքի վրա կառուցենք նոր ու ամուր մշակութային Հայաստան: Այսօր առավել քան երբևէ հատուկ վերաբերմունքի են արժանի հայ մշակույթն ու հայ արվեստագետը: Իսկ երբ երկրիս նախագահը կսիրի արվեստն ու կգնահատի այն, այդ ժամանակ էլ արվեստը ծաղկունք կապրի:
Որպես քաղաքացի, որպես հայ մարդ կցանկանայի, որ իմ նախագահը մտահոգ և հայրենասեր, իր պետության ու ժողովրդի ազնիվ ու քաջ առաջնորդը լիներ:
դերասան, ԷՊՍԻԴՈՆ թատերախմբի հիմնադիր Արմեն Սարգսյան