Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում միաձայն հաստատվեց սակագնի նվազեցման նախագիծը, ասյպիսով, օգոստոսի 1-ից գործելու է էլեկտրաէներգիայի նոր սակագին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց ցերեկային և գիշերային սակագները: Այն է' 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում' բնակչության) համար' ցերեկային սակագին' 46.2 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին' 36.2 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ ներկայիս սակագինը կնվազի 2,58 դրամով:
Նիստի ընթացքում հարց բարձրացվեց այն մասին, որ նախորդ տարի սակագինը բարձրացվել էր գրեթե 7 դրամով, սակայն իջնում է միայն 2,58 դրամով, ինչո՞վ է դա պայմանավորված: Գարեգին Բաղրամյանը նշեց, որ դա պայմանավորված է մի քանի գործոնով:
«Նախորդ տարի, երբ գրեթե 7 դրամով բարձրացվեց էլեկտաէներգիայի սակագինը, այդ ժամանակ հիմնական խնդիրը ՀԷՑ-ի փոխհատուցմանն էր վերաբերում: Այդ սակագնում փոխհատուցման գումարային չափը կազմում էր շուրջ 5 դրամ: Այս տարի ՀԷՑ-ը տարբեր գործոններով պայմանավորված օգուտ է ունեցել: Հիմա, եթե մենք դիտարկենք միայն ՀԷՑ-ի գործոնը, ապա կարող ենք ասել, որ սակագինը 5 դրամով կարող է նվազել, սակայն գումարվում են համակարգի մյուս խնդիրներ ու գործոններ, որոնք բերում են 2,74 դրամ սակագնի ավելացման և այս երկու գումարելիների արդյունքում 2,58 դրամ գործող սակագները նվազեցին»,-ասաց Գարեգին Բաղրամյանը:
Համակարգային մյուս խնդիրների մասին խոսելիս Բաղրամյանը բերեց ատոմակայանի օրինակը, որը նախորդ տարվա հաշվարկում 2,4 մլրդ կՎտ ժամ էր արտադրում, հիմա 250 մլն կՎտ ժամով ավելի պակաս, քանի որ աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվելու են:
ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց.
«Սակագները հաշվարկված են ճշգրիտ, հաշվարկի համար ընտրված են ճիշտ մեխանիզմներ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»: