Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

 

Հռոմի Պապը գրել է. «Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»:

 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ֆրանցիսկոս Պապի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ կատարվել է բարեխոսության կարգ: Պապը ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ, եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում: