Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքն այսօր արթնացել է Մարմարա ծովում երկրակեղեւի 4,4 ուժգնությամբ ցնցմամբ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Սյոզչու» թերթը, երկրաշարժից հետո խուճապի մատնված բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են, որ իրենց շենքերից «կառույցների անվտանգությանը սպառնացող որոշ ձայներ լսվել»:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովում' Յալովա քաղաքին մոտ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, կատարված հետազոտությունների համաձայն, Ստամբուլի' հատկապես բնակելի շենքերի 90 տոկոսը չի համապատասխանում երկրաշարժի հրահանգին:
Թուրքիայի ճարտարապետների պալատի կողմից 1030 նախագծով կատարված հետազոտության համաձայն, շենքերի մեծ մասը չի համապատասխանում շինարարական նորմերին:
Մյուս կողմից, երկրաշարժերի հետազոտություններ անցկացնող ֆրանսիական Le Suroit նավի զեկույցի համաձայն, Ստամբուլում հնարավոր ուժգին երկրաշարժում ամենամեծ վնասը կկրի Բաքըրքյոյ թաղամասը:
Նշվում է, որ ուժգին երկրաշարժի դեպքում Մարմարա ծովի ալիքների բարձրաությունը կարող է հասնել 7-8 մետրի, ինչի արդյունքում ափամերձ բնակավայրերն ու կղզիները խիստ կտուժեն:
Թուրքական եւ միջազգային երկրաշարժագիտական կենտրոնները Ստամբուլում մինչեւ 2050 թվականը ուժգին երկրաշարժեր են կանխատեսել: Նշվում է, որ եթե Մարմարա ծովում, որտեղով անցնում է երկրաշարժային խոշորագույն իջվածքը, 7-ից բարձր ուժգնությամբ երկարաշարժեր տեղի ունենան, ապա Ստամբուլի որոշ շրջաններ պարզապես կավերվեն, իսկ քաղաքը մոտ 70-80 տոկոսով կվնասվի: