Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարձր լարումը պահպանվում է: Օրերս հայտնի էր դարձել, որ Թուրքիան արգելել է գերմանական պատվիրակությանն այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Այս կապակցությամբ Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գե րմանիայի արտաքին գործերի նախարարություն: 

 

Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուֆուք Գեզերին արտաքին քաղաքական գերատեսչությունում ներկայացրել են իրենց մտահոգությունները Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու արգելքի հետ կապված: Արտգործնախարարության խոսնակ Սավսան Չեբլին Գեզերին է ներկայացրել Գերմանիայի դիրքորոշումն ու Ինջիրլիք այցելելու հարցում հաստատակամությունը:

 

«Մենք կրկին թուրքական կողմին տեղեկացրինք այցելություն իրականացնելու մեր ցանկության մասին: Մեզ համար ցանկալի այցելության իրականացման համար դիվանագիտական ճանապարհով բանակցությունները շարունակվում են»,- հայտնել է Չեբլին:

 

Թուրքական «Հուրիեթ»-ը հոդվածի վերջում նշում է, որ թուրքական կողմի արգելքի պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն է: