Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը Յենա քաղաք կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Յենայի քաղաքապետարանի հետ հնարավոր համագործակցության և Յենայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված հարցեր:

 

Նույն օրը Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել նաև Յենայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վալթեր Ռոզենթալի հետ: Կողմերը քննարկել են Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Յենայի համալսարանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Յենայի համալսարանի հայ ուսանողների հետ: