Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը Գիորգի Գախարիային փոխանցեց ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնները։
Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը՝ կողմերը խոսեցին երկկողմ ծրագրերի, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։
Զրուցակիցները միակարծիք էին, որ Հայաստանի Ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։
Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս հայտնեցին, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։