Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը' Հանոյ) մարտի 24-ին հանդիպում է ունեցել Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ադրիան Քրիստոբալի հետ: Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը: Այդ նպատակով երկուստեք ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի հաստատման, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման կարևորությունը:

 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում գինեգործության, կոնյակագործության, թանկարժեք քարերի մշակման, դեղագործության, էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ:

 

Դեսպան Վարդանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի' ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը' նշելով, որ անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծել ինչպես Հայաստանի տնտեսության զարգացման, այնպես էլ միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության համար: Դեսպանը ներկայացրել է նաև ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների և ԵՄ-ի հետ առկա համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներդրումային միջավայրին, իրականացվող ներդրումային ծրագրերին և ֆիլիպինյան ընկերությու նների կողմից այդ ծրագրերին մասնակցելու հնարավորությանը: