ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին, խթանեցին առևտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերին: