1915 թ. Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցի առթիվ՝ 2015 թ. ապրիլի 22–23–ին, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին 400 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ սրբադասման կարգ կատարեց՝ սրբադասելով հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերին, հանգստություն պարգևելով նրանց ժառանգորդների մշտատանջ հոգիներին։Կատարվածը սոսկ ծիսակատարություն չէր: Արդարև, մեր ազգի բոլոր հատվածներն այն գոհունակությամբ ընդունեցին և դա բոլորիս հոգեպես բավարարող քայլ էր։
Ի խորհրդանշումն այս սրբադասման՝ 1915 թ. Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցի առթիվ, միաժամանակ հնչեցին Երկիր մոլորակի տարբեր ծայրերից 100 եկեղեցու զանգերի ղողանջները։ Այդ օրերին աշխարհի բոլոր կողմերից հայոց ոստան էին եկել–հավաքվել ոչ միայն հայկական, այլև քրիստոնեական տարբեր դավանանքների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից քույր համարվող եկեղեցիների ներկայացուցիչները։ Բացակայում էր միայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի փոխանորդ, տխրահռչակ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ում հատուկ հրամանով՝ «Թուրքիայի Հանրապետություն» կոչված վարչական տարածքի և ոչ մի հայկական եկեղեցու զանգեր չղողանջեցին։
Վաղուց թուրքական իշխանությունների խրտվիլակի կարգավիճակում հանդես եկող սույն «հոգևորականը» դեռ անցյալ տարի ցուցաբերած իր այս ապազգային կեցվածքով չբավարարվելով, այս տարվա հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագի հայոց ցեղասպանության առթիվ ընդունած բանաձևի առաջացրած համազգային ոգևորության մթնոլորտում, քաղաքակիրթ աշխարհի կողմից մեր օրերի հայտնի բռնակալներից համարվող Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր խայտառակ նամակով՝ Գերմանիայի դիրքորոշումից խիստ սրտնեղած՝ «թուրքական պետության ծանր վիշտը» կիսելով, թուրքական իշխանություններին հաճոյանալու համար ուրացավ մեր սուրբ նահատակներին և դավաճանեց թե՛ հայ ազգային և թե՛ եկեղեցական սկզբունքները։
Սակայն, ի բարեբախտություն մեզ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «չկա չարիք, առանց բարիքի»: Նրա բազմիցս դրսևորվող ստորաքարշ, անբարո և ազգադավ քայլերի դեմ արդարացիորեն ընդվզող մեր հայրենակիցների համընդհանուր ջանքերով՝ ինքնաբուխ ստեղծվեց «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական նախաձեռնությունը, որի սկզբունքային կեցվածքի շնորհիվ կանխվեց նրա մուտքը մեր սուրբ երկիր։
Առավել քան խանդավառվեցինք 2016 թ. հունիսի 24–26–ին առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության եկած Հռոմի Պապի այցելությամբ, այն բոլորիս պարուրեց սիրո և բարության զգացումներով: Եվ ժամեր առաջ տեղեկացանք, որ այսօրվանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու «Գերագույն Հոգևոր Խորհրդի» եռօրյա ժողովը: Սույն հաղորդագրությամբ հայտարարում ենք, որ վերջին երկու շաբաթում հայրենի հասարակության մոտ արդարացիորեն հուզումներ առաջացրած Արամ Աթեշյան անուն–ազգանունով սրբապիղծ հոգևորականի եկեղեցական կարգավիճակը դարձել է հանրային քննարկման լուրջ առիթ: Ուստի առաջարկում ենք նրա գործունեությունը կախակայելու հարցն անպայման մտցնել «Գերագույն Հոգևոր Խորհրդի» եռօրյա ժողովի օրակարգ։
Նրա կեցվածքն ավելի քան անհնազանդություն է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ցեղասպանության զոհ գնացած միլոնավոր հայերի սրբադասման որոշման դեմ և արժանի է խստագույնս պատժվելու։ Գտնում ենք նաև, որ կախակայման պատժին պետք է հաջորդի նրան կարգալույծ անելու հարցը, ինչը պետք է առաջիկայում գումարվելիք «Եպիսկոպոսաց Ժողովի» օրակարգ մտնի և իրագործվի։
Ա. Աթեշյանը դեմ գնաց նաև մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը, որը որդեգրել էր՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը: Իր պարագայում ի՞նչ ենք հիշում և պահանջում: Ի դեպ, դեպքերի զարգացման ու մեր խնդիրների թելադրմամբ՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական նախաձեռնությունը պայքարի այս փուլում կրելու է՝ «Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական–քաղաքացիական նախաձեռնություն անվանումը:
«Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական–քաղաքացիական նախաձեռնություն
ք. Երևան, 28 հունիսի 2016 թ.
Հետգրություն.
1– Արամ Աթեշյանի հարցը պետք է ամենայն լրջությամբ քննվի «Գերագույն Հոգևոր Խորհրդի» նիստում և նրա գործունեությունը' իբրև փոխանորդի, անհապաղ կախակայվի (կախակայել նշանակում է դադարեցնել հոգևորականի ամբողջ գործունեությունը, որը չի կարող հոգևոր ոչ մի արարողություն կատարել և պաշտոն զբաղեցնել' մինչև իր հարցի վերջնական լուծումը):
2– Գերագույն Հոգևոր Խորհուրդը նրա հարցը պետք է տեղափոխի «Եպիսկոպոսաց Ժողով» և միմիայն եպիսկոպոսաց ժողովում պետք է քննվի նրա թե՛ ազգի և թե՛ եկեղեցու առջև գործած ծանր մեղքը:
3– «Եպիսկոպոսաց Ժողովը» պարտավոր է մեր եկեղեցու սրբադասած 1915 թ. Սուրբ Նահատակների ուրացման ու ազգային և եկեղեցական սկզբունքների դավաճանության համար Արամ Աթեշյանին կարգալույծ հռչակի: