Շատ հույսեր ունենք, որ կկարողանանք հաղթահարել այս արգելքը: Այս մասին Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում կայանալիք «Բանանց» - «Օմոնիա» հանդիպումից առաջ, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայկական թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն:
«Բոլորս էլ գիտենք, որ մրցակիցն ուժեղ թիմ է, բայց մեր ուժերի սահմանում փորձելու ենք ամեն ինչ անել: Բոլորը նորմալ մարզավիճակում են, ոչ ոք վնասվածք չունի, կարող ենք մրցել: Նախապատրաստական փուլը նորմալ է անցել, գոհ եմ: Տեսնենք' արդյոք կկարողանանք դա դաշտ տեղափոխել: Ճիշտ է՝ կարևորագույն խաղացողներ են գնացել, և դա կնկատվի, սակայն նրանք, ովքեր թիմում են, մեծ հույսեր ունեն, և մեծ աշխատանք ենք կատարել նրանց հետ: Ամեն ինչ կանենք, որ նրանց օգնությամբ լրացնենք բացը»,- ասաց մարզիչը:
Մարզիչը, անդրադառնալով թիմից հեռացած Լաերսիոյին' նշեց. «Չենք ստի՝ Լաերցիոն մեզ համար շատ կարևոր խաղացող է: Բնականաբար, նա որոշիչ դեր էր խաղում մեր գոլերը խփելու հարցում, բայց նախընտրում եմ խոսել նրանց մասին, ովքեր մեզ հետ են»:
Խոսելով Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի ազգային ընտրանու կրած պարտության մասին՝ մարզիչը հավելեց. «Մի քիչ հիասթափված եմ, բայց ֆուտբոլն այդպիսին է»:
Այն հարցին, թե արդյոք Եվրոպայի լիգայի արդյունքից է կախված մարզչի հետագա աշխատանքը, Ռամալյոն ասաց. «Ոչ, ընդհանրապես կապ չունի: Որակավորման փուլն ընդհանրապես չի ազդի»: