Tert.am-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև հունվարի 20-ին ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը, դրա նպատակներին և հնարավոր հետևանքներին։ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ նման հարձակումները կոնկրետ քաղաքական նպատակ են հետապնդում։ Նոր պատերազմ այս փուլում քաղաքագետը հնարավոր չի համարում։


- Ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին, և այս ֆոնին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Կարելի՞ էր ունենալ դրանից սպասելիքներ:

 

- Ճիշտ չէ խոսել հանդիպումներից յուրաքանչյուրի մասին առանձին–առանձին, որովհետև դրանք չեն, որ ինչ–որ բան են տալիս, տալիս է ընդհանուր գործընթացը: Գոյություն ունի Մինսկի խումբ, և այն, ինչ գոյություն ունի դրա շուրջը՝ կոչվում է կարգավորման գործընթաց: Մեզ մոտ շատ են սիրում խոսել այն մասին, որ այդ գործընթացը այլևս պետքական չէ, չի հանգեցնում որևէ արդյունքի, և Ձեր հարցում ես նման երանգներ որսացի:

 

Ասեմ, որ նման մոտեցումների առկայությունը մարդկանց մոտ, ովքեր գործնականում, պրոֆեսիոնալ չեն զբաղվում հակամարտության խնդիրներով, հասկանալի է: Իմաստը այն է, որ եթե 25 տարի այդ հարցը չի կարգավորվում, ուրեմն գործընթացը վատն է:

 

Բայց ինձ համար ակնհայտ է, որ Մինսկի խումբը արդեն չունի հակամարտությունը կարգավորելու խնդիր: Այս հակամարտությունը այսօրվա դրությամբ, առնվազն քաղաքական հեռանկարի առումով անհնար է: Անհնար է մի շատ պարզ պատճառով, այն, որ հայկական և ադրբեջանական դիրքորոշումները այնքան հեռու են, որ դրանք անհամադրելի են: Գործ ունենք, այսպես կոչված, «զրո ելքով» խաղի հետ: Ինչը նշանակում է՝ եթե դու պատրաստ ես գնալու փոխզիջումների այն մակարդակին, որը բավարարում է Ադրբեջանին, ապա դա չի բավարարում հայերին, և հակառակը: Հետևաբար, կարգավորել հակամարտությունը անհնար է: Առնվազն՝ հիմա, չեմ ասում, որ մի 50 տարի հետո հնարավոր չէ:

 

Ուրեմն՝ ինչո՞ւ Մինսկի խումբը: Մինսկի խումբը, որը քանի որ չի կարող կարգավորել հակամարտությունը՝ կողմերի փոխարեն, գոյություն ունի այլ բաների համար: Նախ' վերհիշենք, թե ի՞նչ են ասում ադրբեջանցիները. որ մենք լավն ենք, հանդուրժող, և պատրաստ ենք գնալ փոխզիջումների և որպես փոխզիջում համարում ենք մինչ 88-յան իրավիճակին վերադարձը:Ակնհայտ է, որ Հայաստանում այս մասին ոչ ոք պատրաստ չէ խոսելու:

 

Ի՞նչ են ասում հայերը. որ մենք փաստորեն կողմնակից ենք, որպեսզի ամեն ինչ թողնվի այնպես, ինչպես կա, և բացի ամենին դրան տրվի պաշտոնական կարգավիճակ: Ինչը բացարձակապես չի բավարարում ադրբեջանցիներին: Հետևաբար, բոլորի համար պարզ է, որ այստեղ բանակցությունների համար դաշտ չկա: Խոսելո՛ւ բան չկա: Ի՞նչ է սրանից հետևում, ուրեմն՝ ինչո՞ւ է աշխատում Մինսկի խումբը: Այն աշխատում է 3 նպատակների համար:

 

Առաջին. այն ապահովում է բանակցությունների անցկացումը, կա անգլերեն մի շատ լավ արտահայտություն՝ The show must go on. գործընթացը պետք է շարունակվի, որովհետև միջազգային փորձը ցույց է տվել, որ այն հակամարտությունները, որոնցում կան կողմերի միջև շփումների համար խողովակներ, ընթանում են ավելի լավ, քան նրանք, որոնցում դրանք չկան:

 

Երկրորդ. այն խողովակը պետք է լինի միջազգայնացված, այն պետք է ունենա միջազգային ձևաչափ: Այս սենյակում պետք է լինեն ոչ միայն հայ ու ադրբեջանցի, այլև՝ ռուս, ֆրանսիացի և ամերիկացի: Այդկերպ ձևավորվում են որոշակի շրջանակներ, որոնց հետևանքում գործընթացը դառնում է միջազգային:

 

Եվ երրորդ. այն է, ինչի մասին հարցնում էիք, և ինչին այդքան երկար գալիս էի: Բանակցային գործընթացը անվտանգության ձևաչափերից մեկն է՝ ստատուս քվոյի պահպանման երաշխիքներից մեկ: Ինչին ձգտում են բոլոր երեք համանախագահները, ես, իհարկե, հակված չեմ դիվանագետների խոսքերին հավատալու, նրանց համար խոսքերը գործիքներ են, որոնք աշխատում են խոսքերի միջոցով, բայց տվյալ դեպքում վստահ եմ, որ պատերազմով ոչ ոք շահագրգռված չէ: Թե՛ԱՄՆ-ը և թե՛ Ռուսաստանը աշխատում են համատեղ, որպեսզի պատերազմը չվերսկսվի: Եվ այն չի վերսկսում այդ իսկ պատճառով: Հիմա, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում:


-Սրանք կրակոցնե՞ր են , թե պատերազմի վերսկսման նախադրյալներ:

 

- Պատերազմի համար անհրաժեշտ են անհրաժեշտ նախապայմաններ, և բառերը կարող են պատերազմի առիթ լինել, բայց ոչ պատճառ: Պատերազմները սկսվում են որոշակի նախապայմանների դեպքում. պետք են որոշակի ռեսուրսներ, պատրաստվածություն, որոշակի քանակությամբ սպառազինություններ և մարդիկ, ուժերի որոշակի հավասարակշռվածություն և այլն:

 

Հիմա պատերազմի վերսկսման նման նախապայմաններ չկան, որովհետև դրանցից մեկով պատերազմ սկսելու համար օրինակ՝ պետք է առնվազն ունենալ մոտ 80 տոկոսանոց վստահություն, որ հաղթելու ես: Ադրբեջանցիների մոտ վստահությունը, որ իրենք կարող են հաղթել զրո է: Ասեմ նաև, որ այս հակամարտությունը եզակի է իր բնույթով. մեզ մոտ չկան խաղաղապահներ, և զինադադար էր կնքվել, քանի որ կողմերը հասել էին որոշակի հավասարակշռության: Այն պահպանվում է, որովհետև այն կա, շարունակվում է:

 

Ի՞ նչ է պետք դիվերսիայի համար կամ կրակոցների.10 մարդ, մեկ մարզիչ, մի քանի «Կալաշնիկով» ավտոմատ, մի քիչ պայթուցիկ: Ի՞նչ ռիսկեր կան. դե, ասենք, մեկ–երկուսին էլ կխփեն, և ի՞նչ: Ի՞նչ օգուտներ կան: Այս հարցին պատասխանելու համար ուզում եմ հիշեցնել, թե ինչպես են ընթանում փոխհրաձգությունները: Դրանք, սովորաբար, «կցված» են որևէ կոնկրետ քաղաքական իրադարձության: Դրանք արվում են ինչ-որ բանի համար, դրանք չեն արվում պատահաբար. պատահական դիվերսիա, կրակոց՝ սրանք արդեն շատ հեռավոր անցյալում են: Եվ այնպես չէ, որ լեյտենանտ Մամեդովը և սերժանտ Հովհաննիսյանը որոշեցին միմյանց վրա կրակել:

 

Հիմա, մի պահ Ձեզ պատկերացրեք Ադրբեջանի իշխանությունների փոխարեն. պատերազմից անցել է 20 տարի, և այդ տարիներին ադրբեջանցի ժողովրդին ասում են, որ բոլոր հայերը արտագաղթել են, այնտեղ ոչ մի մարդ չկա, Ղարաբաղում էլ մնացել է 1,5 մարդ, իսկ մնացածները սովից մեռել են: Որ մենք շատ ավելի ուժեղ ենք, շատ ավելի հզոր, մենք վաճառում ենք նավթ,գնում՝ զենք, կաշառում ենք դիվանագետներին: Իսկ հակամարտությունը ինչպես կար, այնպես էլ մնում է: Հետևաբար, Ադրբեջանին պե՞տք է փոխել հռետորաբանությունը՝ խոսքերի հռետորաբանությունը, որովհետև խոսքերն արդեն բավարար չեն: Հետևաբար, այս կրակոցներն իրավիճակի վրա ազդեցության պատրանք թողնելու ձևերից մեկն է: Սա նաև համապատասխան ֆոն է, որպեսզի միջնորդներին ասվի՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, տեսե՛ք, թե այնտեղ ինչ է կատարվում:


-Ադրբեջանցի հայտնի փորձագետներից մեկը երեկ հայտարարել էր , 2014 թվականը շատ բարդ տարի է լինելու, որի դեպքում դժվար կլինի խուսափել պատերազմից, որ իր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններով աննախադեպ պատրաստվածության է բերվել բանակը և այլն:

 

-Ես արդեն մեծ «ձյաձյա» եմ, և այն, որ նրանք կհաղթեն, լսել եմ 88–ին, 90-ականներին: Այս ժամանակներից ի վեր, ես դա պարբերաբար լսում եմ՝ մի քանի ամիս պարբերականությամբ: Կրկնվեմ՝ խոսքերը այլևս հերիք չեն:


- Սահմանային դեպքերի վերաբերյալ միջազգային արձագանք գրեթե չեղավ: Ի՞նչ ն է պատճառը:

 

- Միջնորդները «աշխատում» են իրականության հետ, նրանք չեն աշխատում արդարության հետ: Իրենց խնդիրը չէ՝ ասել ճշմարտությունը կամ լուսավոր խոսքեր և կամ արտահայտվել ճշմարտության դիրքերից: Եթե նրանք այդպես անեն, դուրս կթռնեն գործընթացից: Իրենց խնդիրն է՝ ինչ-որ բան ասելով, հաշվի առնել թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների շահերը: Հավատացնում եմ, որ եթե վաղը կամ 20 տարուց Հայաստանի որևէ ներկայացուցիչ դառնա հակամարտություններով զբաղվող ինչ-որ մի կառույցի համանախագահ, օրինակ՝ Զիմբաբվեում մուզիկերի ու զյուզիկների միջև հակամարտության հարցով, նա ևս չի անի արդարացի և անկեղծ հայտարարություններ. զյուզիկների բացարձակ ճիշտ լինելու մասին, կամ զյուզիկների կատարյալ անմեղության մասին, չի անի, որովհետև իր խնդիրը Մովսես մարգարե լինելը չէ, այլ՝ աշխատելն այն իրականության, իրողության հետ, որը առկա է:

 

Միջազգային դիտորդները, և, առհասարակ, կողմերը, Ադրբեջանին բան ասելով՝ նկատի ունեն Հայաստանը, Հայաստանին բան ասելով՝ նկատի ունեն՝ Ադրբեջանը: Եվ նրանք, գործընթացում մնալու համար պետք է անեն այնպես, որ կողմերից ոչ մեկը իրենցից շատ ուժեղ չնեղանա: Հատկապես այդ պատճառով է, որ Հայաստանում ասում են, որ միջնորդները՝ ադրբեջանամետ են, Ադրբեջանում էլ՝ հայամետ: Եվ ասեմ, որ Մինսկի գործընթացը մի քանի անգամ մահանում էր, և հաջողվեց այն վերակենդանացնել հենց այդ պատճառով: