fcararat.am «Արարատ» - «ԲՄԱ-Էներգիա» (0:1) ստուգողական խաղից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ռուսական թիմը գլխավորող Ալեքսանդր Գրիգորյանը և վերջերս Խաբարովսկի թիմ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը «Արարատի» պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորություններով:
Վարուժան Սուքիասյան. «Խաղից խաղ բարելավվում է մեր թիմի ստեղծագործական աշխատանքը: Խաղի կազմակերպումը ներկայումս ավելի բարձր մակարդակի վրա է: Գոլեր ենք ակնկալում մեր հարձակվողներից: Կրկին չկարողացանք իրացնել մի քանի գոլային հնարավորություններ: Ամեն դեպքում, բավականին լավ հանդիպում անցկացրեցինք' հատկապես առաջին խաղակեսում: Լավ տպավորություն թողեցին թիմի նորեկները»:
Ալեքսանդր Գրիգորյան. ««Արարատն» ինձ դուր եկավ: Խաղակցված թիմ է, որը մինչև վերջ պայքարում էր դրական արդյունքի համար և ագրեսիվ էր գործում հարձակման գծում: Զգացվում է, որ «Արարատի» մարզաշապիկը կրելը պարտավորեցնում է ֆուտբոլիստներին խաղալ մեծ նվիրվածությամբ: Ինչ վերաբերում է իմ թիմին, մենք այսօր շատ վատ խաղացինք: Կարծում եմ, որ Ռուսաստանի առաջին խմբում ներկայիս «Արարատը» կլիներ միջին հորիզոնականներում: Ծանոթ եմ «Արարատի» նորեկ Սերգեյ Ավագիմյանի խաղին: Որակյալ ձախլիկ պաշտպան է, ով բավականին լավ է խլում գնդակը և միանում գրոհներին»:
Ռուսլան Կորյան. ««Արարատը» լավ թիմ է: Պայքարում են մինչև վերջ, գնդակի հետ «դու»-ով են շփվում: Միշտ էլ հետաքրքիր է այսպիսի մրցակիցների հետ խաղալը»: