fcararat.am «Արարատը» վերսկսեսել է մարզումները: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հունվարի 16-ին և 22-ին կկայանան թիմի ստուգողական հանդիպումները Գյումրիի «Շիրակի» հետ:
Իսկ արդեն փետրվարի 14-ին «Արարատը» կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ, որտեղ մինչև փետրվարի 24-ը կանցկացվի մեր թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 18-ին «Արարատը» կխաղա PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ:
Փետրվարի 20-ին «Արարատը» կհանդիպի NASL-ի հաղթող «Նյու Յորք Կոսմոսին»,որի գլխավոր մարզչի օգնականն է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը:
«Անհամբերությամբ եմ սպասում «Արարատի» հետ հանդիպմանը: Ֆուտբոլն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական մշակույթում: Վստահ եմ, որ առաջիկա խաղն անտարբեր չի թողնի հայկական համայնքի ներկայացուցիչներին»,- նշել է Իսկանդարյանը:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և մեր թիմի ռմբարկու Գևորգ Նռանյանը նույնպես իրենց կարծիքը հայտնեցին «Նյու Յորք Կոսմոսի» հետ կայանալիք խաղի վերաբերյալ:
««Նյու Յորք Կոսմոսի» հետ խաղը կարևոր նշանակություն ունի մեզ համար: Կկարողանանք փորձել մեր ուժերը որակյալ մրցակցի հետ խաղում, որը հաղթել է NASL-ում և որի կազմում հանդես էին գալիս համաշխարհային մեծության աստղեր: Պատրաստվելու ենք ամենայն լրջությամբ»,- ընդգծեց Վարուժան Սուքիասյանը:
«Կարծում եմ, որ մեզ շատ հետաքրքիր խաղ է սպասվում: Հանդիպելու ենք բավականին ուժեղ մրցակցի հետ, ինչն, անկասկած լավ փորձ կլինի մեզ համար»,- իր հերթին նշեց Գևորգ Նռանյանը:
Խաղը կկայանա Կալիֆորնիայի Գլենդորա քաղաքի «Citrus College Stadium» մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով 19:00-ին: Երրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 23-ին: Մրցակցի անունը դեռ հայտնի չէ: