Տղաների մեջ պետք է սերմանենք հաղթողի հոգեբանություն, որովհետև իրոք պարտվողի հոգեբանությունը խոր նստվածք է տվել: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում՝ ազգային ընտրանու մասին խոսելիս:
«Հավաքականում շատ արդար ընտրություններ են լինելու, ես ինքս եմ ամեն ինչ որոշելու, և որ ամենակարևորն է, կարծում եմ՝ մեր խաղով ֆուտբոլասերներին կբերենք խաղադաշտ: Որոշ ֆուտբոլիստների հետ հանդիպել եմ, ոմանց հետ նորից պետք է հանդիպեմ: Բացի դրանից, մեծ ուշադրություն եմ դարձնելու տեղի կադրերին: Բացի «Ուլիսից», բոլոր ակումբներից հրավիրվող ֆուտբոլիստներ ունենք, ու պետք է նրանք հավաքականում խաղան: Տղաների մեջ պետք է սերմանենք հաղթողի հոգեբանություն, որովհետև իրոք պարտվողի հոգեբանությունը խոր նստվածք է տվել, բայց մենք նրանց այդ վիճակից կհանենք, ես հավատում եմ մեր տղաներին: Պիզելին, Օզբիլիսը և որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն, և պետք է մտածենք այդ մասին: Աստված տա՝ նրանք շուտ թիմ գտնեն և պրակտիկա ունենան: Ֆուտբոլասերներից հարցեր են լինում, որոնց պատասխանեմ՝ ես կորոշեմ՝ ում եմ կանչելու, ում՝ ոչ: Կարծում եմ՝ ֆուտբոլասերը կզգա, որ արդար ընտրություն եմ կատարում: Ով խաղային պրակտիկա ունեցավ, հնարավոր է՝ ընդգրկեմ ազգային հավաքականում»:
Խոսելով նախապատրաստական փուլի ժամանակահատվածի մասին՝ մարզիչն ասել.
«Ֆեդերացիայի նախագահը մեզ բոլոր հնարավորությունները տվել է: Խաղ կանցկացնենք երիտասարդական հավաքականի հետ՝ տեղի կադրերով: Մարտի 24-ին կունենանք հանդիպում Բելառուսի հետ, երկրորդ խաղը դեռ պարզ չէ, թե ում հետ կլինի, որից հետո կմեկնենք շրջագայության՝ ԱՄՆ: Կհասցնենք լավ ճանաչել տղաներին, խաղային օղակներում համագործակցություն ստեղծել: Բոլոր հնարավորությունները կան, եթե վատ արդյունք եղավ, բոլորը վերցնում եմ ինձ վրա»:
Այն հարցին, թե արդյոք այս վիճակով հավաքականը կարո՞ղ է պայքարել Աշխարհի առաջնության համար, մարզիչն ասել է.
«Ժառանգությունը լավը չէ, բայց ինքս մաքսիմալիստ եմ. մինչև վերջին ուժերն աշխատելու ենք:
Իհարկե, կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր չեն հրավիրվի հավաքական: Դա կապված կլինի իմ ցանկության, նրանց խաղային պրակտիկայի հետ: Եթե ունենան խաղային պրակտիկա՝ կհրավիրվեն, եթե ինձ մոտ փորձեն անգամ իրենց «եսը» ցույց տալ, կամ մարզումներին չմասնակցեն, դուռը միշտ իրենց համար բաց է՝ անկախ անուններից: Հավաքականն ազգի պատիվն է: Ֆուտբոլն իմ չէ, ձերը չէ, ֆուտբոլն ամբողջ ազգինն է, ֆուտբոլասերինն է, և ով գա, պետք է նվիրվի: Արտասահմանից ֆուտբոլիստներ տեսադաշտում կան: Օր ու գիշեր հետաքրքրվում ենք, հեռախոսազանգեր ենք ունենում նրանց հետ»:
Յուրա Մովսիսյանի հնարավոր տեղափոխությանն անդրադառնալով՝ մարզիչն ասել է, որ չգիտի՝ ինչպես են այնտեղ մարզվում, հարձակվողը խաղային պրակտիկա կունենա՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում, մարզիչը խորհուրդ է տվել չշտապել:
Խոսելով Աշխարհի առաջնությանը մեր մրցակիցների մասին՝ Սուքիասյանը նշել է.
«Արդեն վերլուծում ենք մեր մրցակիցների խաղերը, կարծում եմ՝ անպայման կգնամ հակառակորդների խաղերը դիտելու: Մրցակիցների խաղերն ուսումնասիրելու հարցում, կարծում եմ, թերացումներ չենք ունենա: Մեր ընտարական խմբում բոլորն էլ ֆավորիտներ են, նույն Ղազախստանը, նույն Մոնտենեգրոն:
Պատրաստ եմ հանդիպել լրագրողների, ֆուտբոլասերների հետ, երբ ցանկանան՝ ես պատրաստ եմ»,- նշել է Վարուժան Սուքիասյանը: