Գյումրիում սպանված Ավետիսյանների շահերի պաշտպանները հաջորդ դատական նիստին կներկայացնեն դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: Այդ միջնորդությանը պատրաստվելու նպատակով, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանից 1 շաբաթ ժամանակ պահանջեց: Ինքնաբացարկի միջնորդության համար հիմք հանդիսացավ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից (դատը նախահագող դատավոր Հարություն Մովսիսյան) կայացված որոշումը՝ չընդունել նախորդ՝ մայիսի 27-ին ներկայացված քաղհայցն ընդդեմ ՌԴ-ի:
«Այս որոշումն ակնհայտ անհիմն է, քանի որ անցած նիստին դատարանը ոչ միայն ընդունեց, այլ նաև ՌԴ-ին ճանաչեց քաղհայցվոր, ավելին, 1 ամսով դատը հետաձգեց՝ հայցը թարգմանելու ու հասցեատիրոջը ներկայացնելու համար, իսկ հունիսի 30-ին արդեն որոշում է՝ չընդունել այդ հայցը: Այս որոշումը կայացնելու իրավունքը չուներ, քանի որ հայցն արդեն իսկ ընդունված էր: Դատավորն իրավունք չուներ նաև նման որոշում գրելու, քանի որ դատարանից դուրս նա իրավունք չունի որոշում գրելու՝ նա կարող է հեռանալ խորհրդակցական սենյակ և խորհրդակցական սենյակում նման որոշում կայացնել, բայց ոչ նման կարգով»,-նշեց Լուսինե Սահակյանը՝ փաստելով, որ քաղաքացիական հայցը ներկայացված էր օրենքի սահմաններում:
Խոսելով իրենց կողմից հետագա հնարավոր քայլերի մասին՝ փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ չի բացառում, որ նույն հայցով կարող է դիմել Եվրադատարան: «Եթե հայցը մինչև այս ներկայացված էր ընդդեմ ՌԴ-ի, ապա, այս որոշմամբ՝ ՀՀ-ն իր վրա արդեն «պարտավորություն» վերցրեց և եթե այս քաղաքացիական հայցը չքննվի նորմալ կարգով ՀՀ-ում, ապա Եվրադատարանում արդեն գանգատ ներկայացնելուց՝ որպես պատասխանող, ՌԴ-ի հետ միասին կլինի նաև Հայաստանը»,-հավելեց Լուսինե Սահակյանը: