Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 մեղադրյալների հերթական դատական նիստը: Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին դատավորին` ամբաստանյալների նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ չեն կարող իրականացնել իրենց պարտականությունները առանց իրենց պաշտպանյալների ներկայության: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այդ միջնորդությունը:
Դահլիճում ներկա ամբաստանյալներից Արամ Մանուկյանը և Հովհաննես Հարությունյանը հայտարարեցին, որ հրաժարվում են մասնակցել դատական նիստին և սկսեցին հեռանալ: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նախագահող դատավորը ամբաստանյալներին 10 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:
Այնուհետև պաշտպանները նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: