Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Աննա Դանիբեկյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Դատական նիստի ընթացքում Ռ․ Քոչարյանի պաշտպան Հակ Ալումյանը տեղեկացրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը դեռևս չի ստացել այդ փաստաթուղթը։
Այսօրվա նիստին դատարանը լսեց Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանի ու Միհրան Պողոսյանի՝ իրենց պաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները։
Վերջիններիս ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն իրեն թույլ տվեց հետևյալ արտահայտությունը․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրեց, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Սա վիճաբանության պատճառ դարձավ նիստի մասնակիցների միջև։ Այնուհետև տուժող կողմի ներկայացուցիչները փորձեցին այդ սպառնալիքը ներկայացնել որպես լեզվի սայթաքում։ Մեղադրող դատախազները փաստեցին, որ նիստը վերածվել է «ռազբորկայի»։
Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստին, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև հունվարի 14-ը, ժամը 13։00։